Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ մեկնարկել է 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչը

17.12.2019

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները, ՊՆ և ԶՈւ զինվորականներ, այլ ոլորտներ ներկայացնող պաշտոնյաներ:

Ավանդույթի համաձայն պետական այրերը, թեմակալ առաջնորդն ու պարտադիր զինվորական ծառայության մեկնողները նախ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։

Այնուհետև ներկաներին ողջունել և ձմեռային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ իր բարեմաղթանքի խոսքն է հղել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` մասնավորապես ասելով. «Պատիվ ունեմ ողջունլու ձեզ այս պատմական վայրում և շնորհավորելու պատվաբեր օրվա առթիվ: Ավանդույթի համաձայն մենք եկել ենք Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որպեսզի մեծ ուրախությամբ մեր նորակոչիկներին ճանապարհենք իրենց կյանքի նոր փուլ, որը սկսվելու է Հայոց բանակում` հայրենիքին ծառայությամբ:
Սիրելի նորակոչիկներ, զինվորի երդում տալով` դուք խաղաղություն եք պարտադրելու թշնամուն, իսկ մենք մեր հերթին պարտավորված ենք լինելու պետականաշինության գործում անել առավելագույնը, որպեսզի արժանին մատուցենք ձեր ծառայությանը: Եվ ձեր շնորհիվ մեր սահմաններն անսասան են, թշնամին` միշտ պարտված>>:

Մարզպետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նորակոչիկների ծնողներին` հայրենասեր զավակներ կրթելու և դաստիարակելու համար, իսկ նորակոչիկներին մաղթել անկոտրում կամք, խաղաղ ծառայություն և բարի վերադարձ:

Ապա նորակոչիկներին օրհնության և բարեմաղթանքի խոսք է հղել Արմավիրի թեմակալ առաջնորդը` նշելով, որ երկամյա ծառայությունը որդիական պարտք ու պարտականություն է Մայր հայրենիքին: Նա Հայոց բանակ զորակոչվողներին մաղթել է ամուր եղբայրասիրություն և միասնականություն, իսկ նրանց ծնողներին` ուժ և համբերություն. <<Աստված թող պահապան լինի բոլորիդ, Աստված ձեզ հետ>>:

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ են ստացել մարզպետ Համբարձում Մաթևոսյանից և համայնքապետերից, օրհնված խաչեր ու աղոթագրքեր` Արմավիրի թեմակալ առաջնորդից և բարձր տրամադրությամբ ու հայրենասիրական երգերի ուղեկցությամբ մեկնել իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-24 18:44:43