Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի ավագանու հերթական նիստին

18.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն դեկտեմբերի 17-ին Էջմիածնի քաղաքապետարանում  մասնակցել է քաղաքի ավագանու 15-րդ  նիստին, որի  շրջանակում քաղաքապետը հանդես է եկել վերջին մեկ տարին ընդգրկող ժամանակահատվածը ներկայացնող հաշվետվությամբ, իսկ մարզպետը  ներկայացրել է պետական բյուջեի միջոցներով և մարզպետարանի աջակցությամբ Էջմիածնում իրականացված ծրագրերը:

Ողջունելով ավագանու նիստի մասնակիցների` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախ ընդգծել է համախմբված աշխատանքի արդյունավետությունը, ապա անդրադարձել մարզի զարգացման հիմնաքարին` շեշտը դնելով ենթակառուցվածքներին ուղղված ներդրումային ծրագրերի ավելացման վրա:

Նա ներկայացրել է տուրիզմից մինչ գյուղատնտեսություն մարզի զարգացման իր տեսլականը` այդ համատեքստում առանձնացնելով հաշվետու տարում իրականացված աննախադեպ թվով ծրագրերը, որոնք հիմք են տալիս ասելու, որ մի քանի տարի անց մեր բառապաշարից դուրս կգա «կենսական նշանակություն ունեցող» արտահայտությունը. չեն լինելու փլուզվող դպրոցներ, մանկապարտեզներ, հողային շերտով ճանապարհներ, և արդեն խնդիր կդրվի տարբեր ոլորտներում միայն զարգացման ծրագրեր իրականացնելու:

Անդրադառնալով մասնավորապես Էջմիածին քաղաքում պետական բյուջեի միջոցներով և մարզպետարանի աջակցությամբ իրականացված ծրագրերին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ միայն Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ծրագրի շրջանակում իրականացվել է Էջմիածին քաղաքի կոյուղագծի ընդլայնում` 88 մլն դրամ ծրագրային արժեքով, որից 80%-ը պետության, իսկ 20 %-ը համայնքի համաֆինանսավորմամբ: Ծրագրի արդյունքում համայնքի Արամ Մանուկյան թաղամասի շուրջ 800 բնակելի տներ և տնամերձեր կմիանան ջրահեռացման ընդհանուր համակարգին: Սուբվենցիոն ծրագրով էլ իրականացվել է Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում` 158 մլն 268 հազար դրամի շրջանակում, որից 45%-ը պետության, իսկ 55%-ը համայնքի համաֆինանսավորմամբ: Իսկ պետական բյուջե-«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համաֆինանսավորմամբ էլ վերակառուցվել են Մեսրոպ Մաշտոց փողոցի ձախակողմյան հատվածի և Արարատյան փողոցի ջրագծերը` ընդհանուր 23 մլն 777 հազար դրամի շրջանակում: Մարզպետարան-մասնավոր համագործակցությամբ էլ Էջմիածին քաղաքին  տրամադրվել է 165 խմ մանրացված ասֆալտ, որի արդյունքում քաղաքում իրականացվել են 2300 քմ փոսալցման և հարթեցման աշխատանքներ:

Այնուհետև մարզպետը ներկայացրել է առողջապահության և կրթության ոլորտներում իրականացված ծրագրերն ու բարեփոխումները` մատնանշելով Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդատան երկրորդ հարկում իրականացված վերանորոգումն ու վերազինումը, որի արդյունքում ստեղծված պայմանների շնորհիվ բուժհաստատությունում 30%-ով ավելացել է ծնունդների թիվը, որն էլ բերել է բուժանձնակազմի միջին աշխատավարձի` շուրջ 24.8%-ով բարձրացման: Նա անդրադարձել է նաև պետական աջակցությամբ Վաղարշապատի հիվանդանոցի մեկ մասնաշենքի վերանորոգման ծրագրին, որից հետո բուժհաստատությունում կիրականացվի օպտիմիզացիա:

Որպես կրթության ոլորտի հիմնական ձեռքբերում էլ մարզպետն առանձնացրել է հաշվետու տարում 5 դպրոցի կառուցման ծրագրերը, որոնց թվում է նաև Վաղարշապատի N5 ավագ դպրոցը: Նա նաև տեղեկացրել է, որ 2019 թ. սեպտեմբերի 1-ից Էջմիածին քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդհանուր թվով 471 մանկավարժի աշխատավարձ բարձրացել է 10 տոկոսով` հավելելով, որ մինչ այդ մարզում մանկավարժների միջին աշխատավարձը կազմել է 123,6 հազար դրամ, իսկ բարձրացումից հետո դարձել է 135,9 հազար դրամ:

Անդրադառնալով նախատեսվող ծրագրերին` Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի 41 համայնքում, այդ թվում` Էջմիածին քաղաքում, 2020 թվականին կիրականացվի ոռոգման ներտնտեսային ցանցերի վերանորոգման 2 ծրագիր` համայնքի 10-ը տոկոս համաֆինանսավորմամբ: ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ էլ մարզի 40 դպրոցի, այդ թվում` Էջմիածնի թիվ 6, 9, 12 հիմնական և 2, 5, 10 ավագ դպրոցներին մինչև տարեվերջ կտրամադրվի մարզական գույք:

Այնուհետև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ներկայացրել է հաշվետու տարում սոցիալական, կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ներքաղաքային տրանսպորտի և արտաքին կապերի ոլորտներում իրականացված աշխատանքները` ընդգծելով, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից նպատակ է դրվել ապահովել քաղաքի համաչափ ու կայուն զարգացումը` բնակիչների համար Էջմիածինը դարձնել ապահով, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր` հավելելով, որ այս ընթացքում իրենց քայլերն հստակորեն ուղղված են եղել այդ նպատակի իրագործմանը:

Ներկայացնելով բյուջեի կատարողականը` քաղաքապետը նշել է, որ 2019 թվականի բյուջետային տարվա 9 ամիսների ընթացքում Էջմիածին քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 107,4 տոկոսով: Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանը, ապա այս մասով պլանային առաջադրանքը  կատարվել է 108,2 տոկոսով: Ըստ ոլորտների ներկայացվել է նաև, թե  մինչ օրս ինչ նպատակներով են ծախսվել հավաքագրված միջոցները: Հիմք ընդունելով բյուջեի կատարողականի վերջին երեք ամիսների ցուցանիշը` քաղաքապետը հավաստիացրել է, որ տարին կամփոփեն բյուջեի գերակատարումով:

Բարձր գնահատելով Էջմիածին քաղաքում իրականացված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է դրանց շարունակականության ապահովումը և ավագանու մասնակցությունը ներքաղաքային խնդիրների լուծմանն աջակցելու հարցում: Նա կոչ է արել ավագանու անդամներին հանրային կարծիքն օրակարգային դարձնել քննարկումների ժամանակ և այդ սկզբունքով մոտենալ նաև առաջիկայում մշակվող համաֆինանսավորման ծրագրերին:

Էջմիածին քաղաքի  ավագանու 15-րդ նիստն ավարտվել է մարզպետ-ավագանու անդամներ հարց ու պատասխանով, որին էլ հաջորդել է օրակարգային հարցերի քննարկումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 10:48:09