Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը

30.01.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, աշխատակիցները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և համայնքների ղեկավարները:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է բոլորին Բանակի օրվա առթիվ` ցանկանալով ուժ, կարողություն, և որ բանակն էլ Սարդարապատի ոգով միշտ լինի անկոտրում, հաղթանակած, իսկ պաշտոնյաններն իրենց գործունեությամբ անեն հնարավորը, որպեսզի արժանին մատուցեն բոլոր զինծառայողներին` շարքային զինվորից մինչև գերագույն գլխավոր հրամանատար:

Մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված հարցերի շրջանակում ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովhաննես Մարգարյանը ներկայացրել է վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը` մասնավորապես ընդգծելով, որ Արմավիրի ՄՓՎ-ն 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքները կատարել է ամբողջությամբ, և հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից բացթողումներ և թերացումներ չեն գրանցվել:

Հովհաննես Մարգարյանի տեղեկացմամբ` 2019 թվականին մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Միաժամանակ նշվել է, որ հաշվետու տարում քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով ՄՓՎ կողմից ցուցաբերվել է մեթոդական օգնություն մարզի համայնքների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանների և պլան-ժամանակացույցերի ճշգրտման ուղղությամբ:

Անդրադառնալով 2019 թվականին մարզում գրանցված տեխնածին աղետներիին` Արմավիրի ՄՓՎ պետը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է հրդեհի 620, կենցաղային 217, ավտովթարի 53, ջրահեղձման 1 և այլ բնույթի տեխնածին աղետների 67 դեպք: Ըստ նրա` 2018-ի համեմատությամբ ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 383-ով՝ մոտ 64.5% տոկոսով:

Հովհաննես Մարգարյանն իր զեկույցում նշել է, որ Արմավիրի ՄՓՎ ՃԿԿ 911 ահազանգման կենտրոնում հաշվետու տարում գրանցվել է 89193 զանգ և սպասարկվել է 979-ը տարաբնույթ արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգ: ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումների և օպերատիվ խմբի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է 979 ելք, որից հրդեհների մարման նպատակով` 620, իսկ փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով՝ 337:

Արմավիրի ՄՓՎ պետը անդրադարձել է նաև փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման, անձնակազմի կառավարման և իրավական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Ավարտելով զեկույցը` նա առաջարկել է 2019 թվականին վարչության գործնեությունը նպատակաուղղել արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում մարզի վարչական տարածքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավմանը, ղեկավար կազմի և ՔՊ մասնագետների պատրաստվածության բարձրացմանը: Հովհաննես Մարգարյանն ընթացիկ տարվա համար կարևորել է նաև բոլոր մակարդակների ՔՊ և տարահանման պլանների, պլան-ժամանակացույցերի ճշգրտումը` առաջարկելով դրանք դարձնել առավել իրատեսական:

ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի աշխատանքը գնահատելով լավ` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է ուշադրություն դարձնել քաղպաշտպանության պլանների վերակազմմանն ու ճշգրտմանը` ապահովելով հիմնական միջոցառումների պլանով նախատեսված ուսումնավարժությունների իրականացումը և ընթացիկ աշխատանքները: Ոլորտում նա կարևորել է նաև ազդարարման համակարգի վերազինումն ու ադիականցումը, հրդեհների կանխարգելմանն ուղղված միասնական աշխատանքը` միաժամանակ տեղեկացնելով, որ Երվանդաշատ համայնքում հրշեջ նոր հենակետ է ստեղծվելու:

Այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել մարզային իշխանության տարբեր ոլորտներ ներկայացնող պաշտոնյաներ, այդ թվում` նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը և վարչության մի խումբ աշխատակիցներ:

Հաջորդիվ ներկայացնելով 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ ցուցանիշները` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը փաստել է, որ ընդամենը եկամուտների հավաքագրման արդյունքում Արմավիրի մարզն առաջատար է: Ըստ նրա` հաշվետու տարում սեփական եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 177,4 մլն դրամ: Տարեկան 3 մլրդ 97,4 մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 102,6%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ ավել է հավաքագրվել 577,1 մլն դրամ: Համապատասխանաբար հողի հարկի հավաքագրումները կազմել են 728,7 մլն դրամ: Տարեկան 832,6մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 87.5 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 19 տոկոսով կամ 190.9 մլն դրամով: Գույքահարկի հավաքագրումները կազմել են 1 մլրդ 300.7 մլն դրամ: Տարեկան 1 մլրդ 133.2 մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 114.8 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 212,5 մլն դրամով: Վարձակալական վճարների հավաքագրումները կազմել են 166,5 մլն դրամ: Տարեկան 167,4 մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99,5 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 8,8 %-ով կամ 17,9 մլն դրամով: Իսկ տեղական տուրքերի հավաքագրումները կազմել են 118,0 մլն դրամ: Տարեկան 108,9 մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 108,3%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 8,3 %-ով կամ 25,5 մլն դրամով:

Ներկայացնելով համեմատական տվյալներ` մարզպետը նշել է, որ 2019 թվականին սեփական եկամուտների հավաքագրման 100 %-ի շեմն անցել է 46 համայնք, իսկ 2018-ին դրանց թիվը եղել է 22: Միաժամանակ նշվել է, որ 2019-ին հավաքագրումների 70 %-ից ցածր ցուցանիշ է ապահովել 7 համայնք, 2018-ին` 27:

Բարձր գնահատելով համագործակցված աշխատանքի արդյունքում գրանցված ցուցանիշը և շնորհավորելով բոլորին այդ կապակցությամբ` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կոչ է արել համայնքապետերին հենց այս պահից սկսած աշխատել հավաքագրումների ուղղությամբ` ընդգծելով, որ սեփական եկամուտների թերի հավաքագրում ապահովելու դեպքում չեն իրականանա համայնքների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, իսկ արդյունավետ աշխատանքի դեպքում դրանք կբազմապատկվեն` արդարացնելով բոլոր սպասումները:

Անդրադառնալով 2020 թվականին մարզում նախատեսված ծրագրերին` մարզպետն ընդգծել է, որ նախորդ տարվա ցուցանիշները գերազանցվելու են ոչ միայն ծրագրերի ֆինանսական մասշտաբների, համայնքների ընդգրկվածության առումով, այլև որակական տեսանկյունից: Ներկայացնելով սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր կարգը և դրանում տեղ գտած փոփոխությունները` Համբարձում Մաթևոսյանը կարևորել է մասնավորի հետ համագործակցության հնարավորությունը` ընդգծելով, որ վերջիններիս կողմից ծրագրի 20 տոկոս և ավելի համաֆինանսավորման դեպքում պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելանում է 5 տոկոսով:

Նա անդրադարձել է նաև առաջնային համարվող պետական ծրագրերի իրականացմանը` նշելով, որ 2020-ին դրանք հիմնականում ուղղվելու են ճանապարհաշինական աշխատանքներին, ինչպես նաև 45 համայնքում ոռոգման 100 կմ երկարությամբ ցանցերի վերանորոգմանը: Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ մարզերում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման հնարավորությունները, որի արդյունքում ենթադրվում է շենքերի արտաքին պատերի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքում պատուհանների փոխարինում, լուսավորության համակարգի ներդրում, արևային էներգիայի վահանակների տեղադրում: Նախատեսվող քայլերի իրականացումը հնարավորություն կտա բնակիչներին 50-60%-ով կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված ծախսերը:

Անդրադառնալով կենդանիների սպանդանոցային մորթի պարտադիր իրականացմանը և այդ ուղղությամբ կատարված գործնական քայլերին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ հուլիսի 2-ից այս թեմային այլևս չեն վերադառնալու, քանի որ խնդրով շահագրգիռ կողմերի ձայնը լսելի է դարձել պետական կառավարման բոլոր մակարդակներում, և կառավարության ղեկավարի կողմից խնդրի կարգավորմանն ուղղված համապատասխան հանձնարարականներ են տրվել և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, և մարզպետարաններին, որոնց ուղղությամբ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում: <<Վեց ամիս անց վերջ ի վերջո մենք անցնելու ենք նորմալ, մարդկային պայմաններով անասունների մորթն իրականացնելուն և սպանդանոցների միջոցով միսը շուկա հասցնելուն: Ինչպես գիտեք, մեր մարզում գործում է 4 սպանդանոց, ևս մեկն էլ շարժական: Հաշվի առնելով ինչպես մարզում առկա, այնպես էլ այլ մարզերից ներկրվող անասնագլխաքանակը` մարզպետարանի կողմից ոլորտը համակարգող գերատեսչությանն առաջարկվել է մարզում կառուցել նվազագույնը 14 սպանդանոց>>,-նշել է Համբարձում Մաթևոսյանը` հավելելով, որ Սննդի անվտանգության տեսչության մարզային կենտրոնի հետ միասին մարզպետարանը ձևավորել է սպանդանոցների նախընտրելի քարտեզ, որով կլուծվի սպանդանոցների սփռվածության և հասանելիության խնդիրը:

Օրակարգային հարցերի շրջանակում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է նաև <<Անուշ-Արմենիա>> ընկերության կողմից անսահմանափակ քանակությամբ սև սալոր, ծիրան և այլ տեսակի մրգեր մթերելու առաջարկությունը` տեղեկացնելով, որ ընկերության աշխատակիցներն առաջիկայում կայցելեն համայնքներ` գյուղացիական տնտեսությունների պատասխանատուներին հանդիպելու, պայմանավորվածություն ձեռք բերելու և համապատասխան պայմանագրեր կնքելու նպատակով: Նա մանրամասներ է ներկայացրել նաև 2020 թվականին մարզում իրականացվելիք <<Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման>> ծրագրի վերաբերյալ, ապա անդրադարձել է համայնքներում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացը սեղմ ժամկետում կազմակերպելու անհրաժեշտությանը` ընդգծելով, որ <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի համաձայն նախադպրոցական կրթական ծրագրի լիցենզավորումը պարտադիր պահանջ է և հավելելով, որ նախարարություն մուտքագրված հայտերը հիմնականում մերժվում են` ուսումնական տարածքների նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի բացակայության պատճառով:

Հաջորդիվ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը համառոտ ներակայացրել է 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրերը, մասնավորապես` ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և ՀՀ-ում 2019-2023 թթ.-ի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերը, նշել պայմաններն ու պետական օժանդակության ծրագրերից օգտվելու առավելությունները։ Նա նաև անդրադարձել է որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին:

Մարզխորհրդի նիստն ավարտվել է օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկման ամփոփումով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-24 11:41:36