Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է մարզում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

13.03.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը` մասնակցությամբ հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների պատասխանատուների, քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների տնօրենների և ոլորտային այլ պատասխանատուների:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերին և համապետական կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներին` խիստ կարևորելով աշխատանքային խմբի միջոցով մարզում դրանց պատշաճ ապահովումը. «Ցավոք սրտի կորոնավիրուսը տարածում գտավ նաև Հայաստանում, և արդեն հայտնի է, որ վարակակիրներից հինգը մեր մարզից են: Շատ եմ կարևորում բոլորիս համակարգված աշխատանքը. ժամանակին օպերատիվ տեղեկատվության փոխանակումը բոլոր հնարավոր կապի միջոցներով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական կազմակերպությունների և համայքի բնակչության միջև, ինչպես նաև հանրային առողջապահական խորհրդատվությունների տարածումը, պետական և հասարակական, գործընկեր և քաղաքացիական հասարակայնության կազմակերպությունների համագործակցությունը»:

Մարզպետը նշել է նաև, որ, ռիսկի գործոնով պայմանավորված, ՀՀ կառավարության հանձնարարությամբ մարզային և համայնքային մակարդակով կձևավորվեն մասնագիտացված թիմեր, և կապահովվի դրանց պատրաստվածությունը, ինչպես նաև կմշակվի գործողությունների պլան` ռիսկերի հաղորդակցման և համայնքների ներգրավվածության հարցերով:

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերով վարչության պետ Հովաննես Հարությունյանը, ներկայացնելով մարզում իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, նշել է, որ ձևավորված աշխատանքային խումբը շուրջօրյա աշխատանք է իրականացնում մարզային ենթակայության բժշկական կենտրոնների, ինչպես նաև ոլորտային այլ կազմակերպությունների հետ համատեղ: Նա թվարկել է իրականացված և շարունակվող միջոցառումները` ընդգծելով.
✔️ Պոլիկլինիկաներին կից մասնագիտական խմբեր են ստեղծվել Արմավիրում, Էջմիածնում, Մեծամորում և Բաղրամյանում,
✔️ Բոլոր բժշկական հաստատությունները, դպրոցներն ու համայնքապետարաններն ապահովվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների ցանկը ներկայացնող պաստառներով,
✔️ Մինչ դասապրոցեսների դադարեցումը բոլոր դպրոցների բուժքույրերին հանձնարարվել էր ուշադրության կենտրոնում պահել գանգատներ ունեցող աշակերտներին, արգելել նրանց հաճախել դպրոց` ապահովելով տնային ուսուցում,
✔️ Համայնքային ենթակայության բուժհաստատություններին հանձնարարվել է պարբերաբար տնայցեր կազմակերպել և համապատասխան տեղեկություն ներկայացնել մասնագիտացված հանձնաժողովներին:

Մարզում կորոնավիրուսով պայմանավորված ընդհանուր դեպքերի հետ կապված իրավիճակը ներկայացրել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի (ՀՎԱԿ) Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Նաիրա Սարգսյանը` նշելով, որ մարզում այս պահին արձանագրված է կորոնավիրուսով հինգ դեպք, երկուսը` բերովի, երեքը` տեղական:

ՀՎԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրենի խոսքով` իրականացված համաճարակաբանական հետազոտություններից պարզվել է վարակակիրների հետ շփված անձանց ցանկը, և անհապաղ ձեռնարկվել են մեկուսացման և ինքնամեկուսացման աշխատանքներ. մեկուսացվել է 60 հոգի, ինքնամեկուսացվել` 15: Ըստ նրա` այս պահին մարզում հիվանդացության նոր դեպքի մասին հաստատված տեղեկություն չկան:

Նիստի ավարտին աշխատանքային խմբին հանձնարարվել է սեղմ ժամկետում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հաստատմանը ներկայացնել հանրապետության մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով կամ դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման և գործողությունների մարզային պլանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36