Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարետի ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետների, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա

19.03.2020

 Մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։

Տիգրան Ավինյանը ասել է.

«Հարգելի գործընկերներ,
Այսօր տեղի է ունենում պարետատան երկրորդ հավաքը: Հիմնականում կքննարկենք գործող դրությունը և նաև այն հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք արդեն իսկ տրվել են: Գիտեք դեռևս երկու օր առաջ արտակարգ դրություն է հայտարարվել և նույն օրը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակումներ են կիրառվել հավաքների, մասնավորապես հարսանիքների, նշանդրեքների, նույնիսկ հոգեհանգիստների ու հուղարկավորությունների առումով: Եվ պետք է նաև գնահատենք այդ սահմանափակումների արդյունավետությունը: Կարծում եմ ամեն մարզպետ ամեն մարզում, ամեն համայնքում իրականացվող միջոցառումների մոնիտորինգը պետք է իրականացնի:

Մենք, իհարկե, կլսենք պարոն Թորոսյանին կորոնավիրուսի վարակի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասով, ինչպես նաև կլսենք նոր առաջարկներ, որոնք կքննարկենք և կկայացնենք համապատասխան որոշումներ»:

Այնուհետև Առողջապահության նախարարը ներկայացրել է վերջին զարգացումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և թարմ վիճակագրությունը:

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել է համաձայն պարետի ցուցումի հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը:

Անդրադարձ է կատարվել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Պարետը նշել է, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները:

Պարետի ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետների, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա:

Պարետը նաև կոչ է արել նիստի մասնակիցներին հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը:

Աղբյուր՝ https://www.gov.am/am/news/item/14142/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28