Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում բուռն և արդյունավետ կերպով շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները

06.04.2020

Որպես գյուղատնտեսական ուղղվածությամբ մարզ` դեռևս ձմռան ամիսներից կարևորվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլը` ամուր հիմք ստեղծելով բերքառատ տարվա համար:

Գարնանային հրատապ աշխատանքների իրականացման շրջանակներում առաջնային համարելով հեղեղումների դեմ պայքարի աշխատանքները ժամանակին և ճիշտ կազմակերպելը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել է մարզի տարածքով հոսող Արաքս, Քասախ, Մեծամոր գետերի հեղեղատարների ափապատնեշների փաստացի վիճակը, առաձնացրել առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները` դրանք ներկայացնելով ՏԿԵ, ԱԻ և Էկոնոմիկայի նախարարություններին:

Մարզի գյուղատնտեսական արտադրության զարգացմանը նպաստող կարևոր բնագավառ է հանդիսանում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման, հողերի կրկնակի աղակալումից և ճահճացումից պաշտպանվելու նպատակով կոլեկտորոդրենաժային համակարգի անխափան գործունեության ապահովումը, որն առանձնակի հետևողականությամբ իրականացվում է ՀՀ կառավարության կողմից:

Գարնան նախապատրաստական աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարևոր են նաև ոռոգման մայր, միջտնտեսային և ներտնտեսային ցանցերի մաքրման աշխատանքները, որոնք մեկնարկել են դեռևս մարտ ամսվա սկզբից և հաջողությամբ ավարտին են մոտենում: Կարևոր է արձանագրել, որ այս տարի աննախադեպ մեծ ծավալի մաքրման աշխատանքներ են իրականացվել` ոռոգման ջուրն արդյունավետ օգտագործելու և կորուստները մինիմումի հասցնելու նպատակով:

Նշենք, որ Վաղարշապատի տարածաշրջանի 15 համայնքի մարտի 15-ից սկսած ոռոգման ջուր է մատակարարվել Քասախ գետից: Տարածաշրջանի մյուս, ինչպես նաև Արմավիրի տարածաշրջանի համայնքներին ոռոգման ջուր կմատակարարվի ապրիլի 10-12-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներին` ապրիլի 15-17-ը` ըստ անհրաժեշտության:

Կարևոր ենք համարում նշել նաև, որ դեռևս հունվար ամսին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել ջերմոցային տնտեսություններում. ներկրվել է տորֆ, ձեռք է բերվել անհրաժեշտ քանակությամբ բանջարանոցային մշակաբույսերի սերմացու, կարտոֆիլի տնկանյութ, բազմամյա տնկարկների համար արմատակալներ ու տնկիներ:

Այս պահի դրությամբ ջերմատնային տնտեսություններում ավարտվել են ապակյա և պոլիէթիլենային թաղանթի տակ ելակի, բանջարեղենի տարբեր տեսակների ցանքի և սածիլների աճեցման աշխատանքները, ինչպես նաև շուրջ 2000 հեկտար պոլիէթիլենային թաղանթի տակ մշակվող վաղահաս բանջարեղենի և բոստանի սածիլների ցանքը: Ավարտվել են խաղողի և պտղի էտի, ձևավորման և առաջին բուժման աշխատանքները:

Այժմ կարող ենք արձանագրել նաև, որ 2020 թվականի համար մարզում կատարվել է 2800 հեկտար աշնանացան ցորենի, 450 հեկտար գարնանացան գարու ցանքս և 1400 հեկտար կարտոֆիլի տունկ:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ գյուղացիական տնտեսություններին առաջարկում ենք արագացնել սածիլման և գարնանացանի նախապատրաստական աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-02 17:56:07