Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին
23.04.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այսօր ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը:
Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմակալ առաջնորդն աղոթք է հնչեցրել առ Աստված` Մեծ եղեռնի սուրբ նահատակների հոգու հանգստության համար:
————————
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, ինչպես գիտեք, այս տարի զերծ ենք մնում ապրիլի 24-ին նվիրված ամենամյա մասսայական միջոցառումների իրականացումից` առաջնորդվելով կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը կանխելուն ուղղված համալիր միջոցառումների և ձեր առողջությունը չվտանգելու առաջնայնությամբ:
Միաժամանակ խնդրում և հորդորում ենք բոլորիդ այսօր երեկոյան ժամը 21:00-ին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի լույսը՝ այդպես միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով համապետական ակցիային։ Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Միջոցառումը կհեռարձակվի նաև ուղիղ եթերում։
Իսկ ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, կարող եք հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին` Հայաստանից, իսկ 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։
Եկեք հերթական անգամ դրսևորենք սոցիալական բարձր պատասխանատվություն և միասնական կերպով հաղթահարենք համաժողովրդական այս մարտահրավերը: