Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաղարշապատում մտավոր խնդիր ունեցող անձանց ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կազմակերպման կենտրոն կբացվի. ծրագիրն արժանացել է կառավարության հավանությանը
15.05.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօր կայացած նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող 394 քմ մակերեսով տարածքը «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնելու և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը հանձնելու վերաբերյալ որոշման նախագիծը:
«Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել մտավոր խնդիրներ ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից: Շահառուների համար կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում զարգացնել և օգտագործել իրենց ստեղծագործական, գեղարվեստական և մտավոր ներուժը` առողջության, բարեկեցության համար նպաստավոր միջավայրում իրականացնելով սոցիալական ինտեգրում:
Հավելենք, որ «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Մարիամ Երիցյանը և Գուրգեն Զուրնաչյանը վերոնշյալ ծրագրի վերաբերյալ մանրամասները 2019 թվականի սեպտեմբեր ամսին քննարկել են ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում, և վերջինս ողջունել է կազմակերպության նախաձեռնությամբ մարզում նման ծրագրի իրականացման գաղափարը` պատրաստակամություն հայտնելով մարզպետարանի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերել այն իրականություն դարձնելուն:
Եվ այսօր արդեն ուրախությամբ փաստում ենք, որ համագործակցված աշխատանքի արդյունքում բարեգործական ծրագիրը կյանքի է կոչվում` ինքնաիրացման լիարժեք հնարավորություն ընձեռելով շահառու խմբի անդամ հանդիսացող 18-65 տարեկան շուրջ 40 անձի: