Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին

23.05.2020

Սիրելի շրջանավարտներ,
Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառության ավարտի կապակցությամբ:

Ոչ սովորական և արարողակարգային դարձած պայմաններում դուք հրաժեշտ եք տալիս ձեզ հարազատ դարձած դպրոցին` թևակոխելով կյանքի նոր շրջափուլ:

Անկախ ստեղծված իրավիճակից` ես ցանկանում եմ, որ դուք կարևորեք և ըստ արժանավույն օգտագործեք այն գիտելիքը, որը ստացել եք դպրոցում: Հավատացած եղեք, որ ձեր մտավոր ներուժն է դառնալու այն հաղթաթուղթը, որով բացելու եք դեպի հաջողություններ տանող դռներն ու իրականություն դարձնելու ձեր երազանքները:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր հենց ձեր շարքերում են վաղվա պետական, քաղաքական, մշակութային և, առհասարակ, հանրային կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող ակնառու գործիչները: Եվ իմ մեծագույն ցանկությունն է, որ ինչ մասնագետ էլ դառնաք, ինչ ճանապարհ էլ ընտրեք, առաջին հերթին կայանաք որպես մեր երկրի պատվախնդիր քաղաքացի և, պարզապես, լավ մարդ:

Սիրելի շրջանավարտներ,
Հավատացած եղեք, որ ձեր արժանապատիվ պահվածքն ու աշխատանքը լինելու են ձեր երախտագիտությունն ու երբևիցե չակնկալվող շնորհակալությունը ձեր ուսուցիչներին և ծնողներին: Ուստի ձեր կյանքում պահպանեք և նոր որակ հաղորդեք այն բոլոր արժեքներին, որոնք հարստացած տեսնելու հավատով նրանք փոխանցել են ձեզ:

Կրկին շնորհավորելով բոլորիդ դպրոցն ավարտելու կապակցությամբ` ցանկանում եմ, որ հնարավորինս սահուն հարթեք ձեր կյանքի հետագա ճանապարհը, իսկ հաջողության թևավորող ուժը միշտ ուղեկցի ձեզ:

Բարի երթ դեպի նոր կյանք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08