Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի դատական հայցը

06.06.2020

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել և մերժել Անդրանիկ Նահապետյանի` «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՀՀ կրթության տեսչական մարմնի, ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ «ՀՀ Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանի կողմից 04.04.2019թ. կայացված թիվ ՄՈ/112-2019 որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք՝ Անդրանիկ Նահապետյանին «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին վերականգնելու» պահանջներով ներկայացված դատական հայցը:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2019 թվականի ապրիլի 4-ի NՄՈ/112-2019 որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի 2019 թվականի մարտի 20-ի NՄՈ/101-2019 որոշումը և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» ենթակետով (Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ), հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարողի 2019 թվականի մարտի 5-ի N01/07.2/3223-19 գրությունը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինք խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի 2019 թվականի մարտի 14-ի գրությունը` 2019 թվականի ապրիլի 4-ից դադարեցվել են Անդրանիկ Նահապետյանի լիազորությունները` որպես «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի:

Անդրանիկ Նահապետյանի կողմից 2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացվել ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՀՀ կրթության տեսչական մարմնի, ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ «ՀՀ Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանի կողմից 04.04.2019թ. կայացված թիվ ՄՈ/112-2019 որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք՝ Անդրանիկ Նահապետյանին «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին վերականգնելու» պահանջներով:

ՀՀ վարչական դատարանի 16.05.2019թ. թիվ ՎԴ/3542/05/19 վարչական գործով որոշում է կայացվել և Ա. Նահապետյանի հայցադիմումը վերահասցեագրվել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Արմավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՎԴ/3542/05/19 քաղաքացիական գործով 2020 թվականի հունվարի 9-ի վճռով մերժվել է Անդրանիկ Խաչիկի Նահապետյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՀՀ կրթության տեսչական մարմնի՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանի կողմից 04.04.2019թ. կայացված թիվ ՄՈ/112-2019 որոշումն անվավեր ճանաչելու, Անդրանիկ Նահապետյանին «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը` 04.04.2019թ-ից սկսած մինչև սույն գործով դատական ակտի կատարումը պարտավորեցնել վճարելու պահանջների վերաբերյալ, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավահաջորդ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության մասով գործի վարույթը կարճվել է հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

Անդրանիկ Նահապետյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան և ՀՀ վերաքննիչ դատարանի 2020 թվականի հունիսի 5-ի թիվ ՎԴ/3542/05/19 քաղաքացիական գործով որոշում է կայացվել և մերժվել է Անդրանիկ Նահապետյանի անունից բերված վերաքննիչ բողոքը` անփոփոխ թողնելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՎԴ/3542/05/19 քաղաքացիական գործով 09.01.2020թ. վճիռը:
Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան` մինչև օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը:

Գործի ընդհանուր մանրամասներին ծանոթանալու համար օգտվել «DataLex» դատական տեղեկատվական համակարգից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15