Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եվս երեք սուբվենցիոն ծրագիր՝ Դալարիկ համայնքում
22.06.2020
Դալարիկում ևս երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. համայնքում 2020 թվականի համար հաստատվել է 5 սուբվենցիոն ծրագիր:
Երեք ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 53 մլն 505.46 հազար դրամ:
Առաջին ծրագրով նախատեսված է Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքի վերակառուցում` 16 մլն 744.13 հազ. դրամի շրջանակում: Նշված գումարի 55%-ը` 9 մլն 209.27 հազ. դրամը ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 45%-ը` 7 մլն 534.86 հազ. դրամը` համայնքի մասնակցությունը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կվերակառուցվի 542.3 քմ մակերեսով տանիք, որի արդյունքում 30%-ով կկրճատվեն բնակարանների վերանորոգման ծախսերը և շենքը կապահովվի հետագա քայքայումից: Ծրագրի շահառու է հանդիսանում շենքում առկա 24 բնակարանի 96 բնակիչ:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով կասֆալտապատվի համայնքի կենտրոնական` Կոմիտաս փողոցի ևս 3319.8 քմ հատված (1,5 կմ երկարությամբ փողոցի 4095.8 քմ հատվածը նույն ծրագրով վերանորոգվել է 2019 թվականին, մնացյալ հատվածն էլ կվերանորոգվի 2021-ին):
Ծրագրի արդյունքում անվտանգ երթևեկություն կապահովվի Դալարիկ և հարակից համայնքների բնակիչների և վարորդների համար, ինչպես նաև կակտիվանա համայնքի կենտրոնում տեղակայված առևտրի և սպասարկման կենտրոնների գործունեությունը:
Իսկ արդեն երրորդ ծրագրով համայնքի Չարենց, Թումանյան, Տերյան և Իսահակյան փողոցներում շուրջ 1105 գծմ երկարությամբ ոռոգման ներտնտեսային փակ ցանց կկառուցվի, կիրականացվի 163 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակների անցկացում, 65 մմ տրամաչափով բաժանարարների ելքերի տեղադրում:
Ծրագրի արդյունքում 82 տնտեսություն կապահովվի կայուն ոռոգման ջրով, որը կխթանի բանջարաբոստանային կուլտուրաների և պտղատու ծառերի մշակությունը, կնպաստի համայնքի կանաչապատ տարածքների ավելացմանը:
Հավելենք, որ վերը նշված երեք ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի 25 ժամանակավոր աշխատատեղ: