Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստախաղում
01.07.2020
Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի IX դ դասարանի աշակերտներ Նարեկ Բարիլուսյանը և Վահան Սարգսյանը հաղթող են ճանաչվել ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ իրականացվող «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստախաղում:
Հունիսի 27-ին ավարտվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ իրականացվող «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստախաղը, որի ընթացքում Արցախի և Հայաստանի երևանյան ու մարզային դպրոցների մրցապայքարով պիտի ընտրվեր լավագույն մարզը։
Գիտելիքի այդ յուրօրինակ ստուգարքին Արմավիրի մարզը ներկայացնում էին Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի IX դ դասարանի աշակերտներ Նարեկ Բարիլուսյանը և Վահան Սարգսյանը։ Տղաների հետ աշխատում էր նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Աղազարյանը։
Խաղի 1-ին փուլում Նարեկն ու Վահանը հաղթեցին Գեղարքունիքի, 2-րդ փուլում՝ Արցախի, 3-րդ ֊ ում՝ Սյունիքի մարզային թիմերին։ Իսկ եզրափակիչ փուլում մրցապայքարը շարունակվեց Կոտայքի թիմի հետ։
Մեր աշակերտները լավագույնս ներկայացան և, գիտելիքը ձուլելով գիտակցությանը, գրանցեցին ցանկալի հաղթանակ՝ հերթական անգամ բարձր պահելով թե՛ մարզի և թե՛ իրենց հարազատ՝ Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցի պատիվը։
Գրանցած հաղթանակի համար շնորհավորում ենք Նարեկ Բարիլուսյանին, Վահան Սարգսյանին, մարզիչ Լուսինե Աղազարյանին, դպրոցի տնօրինությանը և ուսուցչական կազմին ՝ մաղթելով նոր նվաճումներ ու ձեռքբերումներ։ Մենք հպարտ ենք ձեզանով:
Մարզային թիմի հաղթանակը բարձր է գնահատվել Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանի կողմից՝ տղաները պարգևատրվել են պլանշետներով , իսկ մարզիչ Լ. Աղազարյանն արժանացել է խրախուսանքի։