Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գրիբոյեդով համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ են կրում
01.07.2020
Գրիբոյեդով համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ են կրում. հաշվետու տարում կհիմնանորոգվի համայնքի կենտրոնական այգին և կասֆալտապատվի Չարենցի փողոցի 0.22 կմ հատվածը:
Գրիբոյեդովի կենտրոնական այգու բարեկարգման ծրագիրը մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համայնքապետի հետ քննարկել է նախորդ տարի` համայնքում ռուս գրող, դրամատուրգ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այգում Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհերի հիշատակը հավերժացնող եղբայրական հուշարձանին ծաղկեդրման արարողությունից հետո:
Նշանավոր օրվանից ամիսներ անց պայմանավորվածությունը գործնական բնույթ է ստացել. սուբվենցիոն ծրագրի շրջանակում առաջիկայում 6500 քմ ընդհանուր մակերեսով այգում կիրականացվեն հարթեցման, անցուղիների սալիկապատման, խաղադաշտի կառուցման, ոռոգման ցանցի, լուսավորության անցկացման, ցայտաղբյուրի վերագործարկման, նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքներ:
Ծրագիրը կիրականացվի 22 մլն 415.39 հազ. դրամի շրջանակում, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 30%` 6 մլն 724.62 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 15 մլն 690.77 հազ. դրամ:
Համայնքի 2-րդ սուբվենցիոն ծրագրով էլ կասֆալտապատվի Մ-3 և Մ-5 միջպետական մայրուղին Գրիբոյեդով համայնքի Չարենցի փողոցին կապող 0,22 կմ ճանապարհահատվածը, որի 0,4 կմ հատվածը նույն ծրագրի շրջանակում վերանորոգվել է նախորդ տարի:
Ճանապարհաշինական ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 30 մլն 991.21 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է ` 13 մլն 946.04 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 17 մլն 045.17 հազ. դրամ:
Ծրագրով նախատեսվող աշխատանքների շրջանակում նշված ճանապարհահատվածում կիրականացվեն 5 սմ ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ` որպես հիմնահատակ օգտագործելով 10-20 մմ խոշորության բազալտե և 5-6 սմ հաստության չափազատված խիճ:
Երկու ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի 27 ժամանակավոր, իսկ ավարտին՝ 1 հիմնական աշխատատեղ:
Ծրագրի շահառուների թվում են Գրիբոյեդովի 2046 և հարակից համայնքների բնակիչները: