Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կբարեկարգվեն և կասֆալտապատվեն Ակնալիճ համայնքի Շահումյան փողոցի մի հատվածը, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերը
02.07.2020
Ակնալիճ համայնքում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ են կրում` տարեցտարի բարելավվելով բնակչության կենսամակարդակը: Նախորդ երկու տարիներին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների շարունակությունն է հանդիսանում Շահումյան փողոցի մի հատվածի, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերի բարեկարգման և ասֆալտապատման ծրագիրը:
Նշված ծրագրի կարևորության և դրա իրագործման հնարավորություններին վերաբերող մանրամասները մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Ակնալիճ համայնքի ղեկավարի և բնակիչների հետ քննարկել է համայնք կատարած այցերի շրջանակում` վստահեցնելով, որ այն անպայման կյանքի կկոչվի:
Այսօր ուրախությամբ փաստում ենք, որ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն արդեն հաստատվել է և կիրականացվի 93 մլն 772.2 հազ. դրամ ընդհանուր բյուջեի շրջանակում: Նշված գումարից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 42 մլն 197.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 51 մլն 574.7 հազ. դրամ:
Ծրագրում ընդգրկված ճանապարհահատվածը համայնքի առավել խիտ բնակեցված և երթևեկելի մասն է կազմում, որտեղ գտնվում է համայնքապետարանի վարչական շենքը, փոստային բաժանմունքը, բուժամբուլատորիան, դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը, հանդիսությունների սրահը և գերեզմանատունը:
Սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կիրականացվեն 9652 քմ մակերեսով ընդհանուր բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ, որոնք կնպաստեն համայնքի ճանապարհային ենթակառուցվածքի բարելավմանը, տեղական տնտեսության զարգացմանը և բնակչության հարմարավետ ու անվտանգ կյանքի ապահովմանը:
Աշխատանքների իրականացման ընթացքում կստեծվի 6 ժամանակավոր աշխատատեղ:
______________
Լուսանկարներում ներկայացված են նաև 2018-2019 թվականների սուբվենցիոն ծրագրերով համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքները: