Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն աշխատանքային այցով եղել է Ծաղկունք, Ամբերդ, Արագած և Նորապատ համայնքներում

20.08.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը շարունակում է ծանոթանալ համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և այլ ծրագրերով ընթացող և նախատեսվող աշխատանքներին։ Մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ նա այսօր այցելել է Ծաղկունք, Ամբերդ, Արագած և Նորապատ համայնքներ։

Մարզպետի համայնքային շրջայցը մեկնարկել է Ծաղկունքից, որտեղ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տունը: Համայնքապետ Դավիթ Կարապետյանը Համբարձում Մաթևոսյանին ներկայացրել է, որ ծրագրով նախատեսվող աշխատանքների շրջանակում կվերանորոգվի 415,8 քմ մակերեսով կառույցի տանիքը, կփոխվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն ընդհանուր վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ: Ծրագիրը կիրականացվի 15 մլն 869.6 հազար դրամ ընդհանուր բյուջեով, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 30%` 4 մլն 760.88 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 11 մլն 108.72 հազար դրամ: Միաժամանակ տեղեկացվել է, որ համայնքում Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ նախատեսված է նաև ներտնտեսային ցանցի վերականգնում` 68․2 մլն դրամ արժեքով, որի 10-ը տոկոսը համայնքի համաֆինանսավորմամբ։

Մարզպետի հաջորդ կանգառը եղել է Ամբերդ համայնքը, որտեղ սուբվենցիոն ծրագրով ընթանում են Պտղաբույծների, Կոլտնտեսականների և 4-րդ փողոցների, ինչպես նաև 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի գազաֆիկացման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 890 հազար դրամ` պետություն-համայնք 7 մլն 945.09 հազարական դրամ համաֆինանսավորմամբ: Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է, որ Ամբերդում 320 տնտեսությունից 220-ը գազաֆիկացված է: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կկառուցվի 1362 գծմ գազատար, և համայնքում գազաֆիկացված տնտեսությունների թիվը կավելանա 80-ով: Ծրագրի վերջնարդյունքում կկրճատվեն բնակիչների ֆինանսական ծախսերը, կբարելավվեն բնակկոմունալ պայմանները և կավելանան ջերմոցային տնտեսությունները:

Այնուհետև մարզպետն այցելել է Արագած համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով սկսված և ավարտական փուլին մոտեցող համայնքի մշակույթի տան տանիքի վերակառուցման աշխատանքներին, որոնք իրականացվում են 6 մլն 322 հազար դրամ ընդհանուր բյուջեով, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 21% է` 1 մլն 322 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 79%` 5 մլն դրամ: Մարզպետին ներկայացվել է, որ մշակույթի տունը կառուցվել է 1961 թվականին` Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Համայնքապետ Աշոտ Կամավոսյանը հայտնել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքների ավարտից հետո համայնքապետարանի միջոցներով և համայնքի բնակիչների մասնակի աջակցությամբ մշակույթի տանը կիրականացվի նաև ներքին հարդարում, և պայմաններ կապահովվի կառույցի լիարժեք գործունեության համար. մշակույթի տանը կբացվեն տարբեր խմբակներ, կգործի նաև 520 նստատեղ ունեցող դահլիճը` ներհամայնքային և այլ բնույթի նիստեր, խորհրդակցություններ ու միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համայնքային շրջայցի վերջին կանգառը եղել է Նորապատը: Այստեղ սուբվենցիոն ծրագրով ընթանում են նոր թաղամասի գազատարի կառուցման աշխատանքները` 18 մլն 651.37 հազար դրամի շրջանակում։ Նշված գումարից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը կազմում է 50%` 9 մլն 325.685 հազարական դրամ: Համայնքապետ Վահրամ Խաչատրյանի փոխանցմամբ` ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում նոր թաղամասում 1085 գծմ երկարությամբ գազատար խողովակաշար կանցկացվի, հենասյուներ և բաշխիչ կետ կտեղադրվի: Ըստ նրա` ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն շահառուների բնակկոմունալ պայմանները, կավելանան ջերմոցային տնտեսությունները և նորակառույց բնակարանները: Ապա ներկայացվել են հաշվետու տարում Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ համայնքում նախատեսվող ներտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մանրամասներ: Նշվել է, որ ծրագիրն իրականացվում է 34․4 մլն դրամ արժեքով, որի 10-ը տոկոսը համաֆինանսավորվելու է համայնքի կողմից:

Վերը նշված համայնքներում մարզպետը հանդիպել և քննարկում է ունեցել շինարարությունն իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ` կարևորելով պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և ընդգծելով, որ ընթացող աշխատանքները գտնվում են մարզպետարանի և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության ուշադրության ներքո: Իսկ համայնքապետերին նա հորդորել է ամենօրյա աշխատանքներ իրականացնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առավելագույն ցուցանիշի ապահովման ուղղությամբ, որպեսզի համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կրեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28