Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են մարզպետի համայնքային այցերը

27.08.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը համայնքային այցերի շրջանակում այսօր ծանոթացել է Ապագա, Արաքս և Մարգարա համայնքներում սուբվենցիոն և այլ ծրագրերով ընթացող, ինչպես նաև նախատեսվող աշխատանքներին։

Ապագա համայնք կատարած այցի շրջանակում մարզպետին ներկայացվել են սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ գտնվող «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքները: Նշվել է, որ պետություն-համայնք-մասնավոր եռակողմ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14 մլն 169.37 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 35% է` 4 մլն 959.28 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 45%` 6 մլն 376.22 հազ. դրամ և մասնավորի կողմից ներդրումը` 20%` շուրջ 2 մլն 834 հազ. դրամ:

Ապագա համայնքի ղեկավարը Համբարձում Մաթևոսյանին միաժամանակ տեղեկացրել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ հաշվետու տարում կվերականգնվի և կամրակայվի Ապագայի մշակույթի տան նախասրահում գտնվող ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի` 1974 թվականին հեղինակած «Սասունցիներ» որմնանկարը (18 x 3.70 մ), որն ունի հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Նշվել է նաև, որ 2019-2020թթ. Հայաստանի տարածքային զարգացման հիմանդրամի կողմից Ապագայում իրականացվել են ոռոգման ջրի պոմպակայանի և միջտնտեսային ցանցի կառուցման աշխատանքներ: Վերջերս էլ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունն իրականացվել է 120 մ երկարությամբ երկաթյա խողովակներով ջրատարի կառուցում՝ 4.7 մլն դրամ արժեքով: Համայնքում Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվելու է նաև ոռոգման ներտնտեսային ցանցը` 84.6 մլն դրամ ծրագրային արժեքով, որից 10 %-ը համայնքի համաֆինանսավորմամբ։

Հաջորդիվ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է սահմանամերձ Արաքս (Վաղ. տ.) համայնք, որտեղ ծանոթացել է 69 մլն 121 հազ. դրամ ընդհանուր բյուջեի շրջանակում սուբվենցիոն ծրագրով իրականացվող մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին: Համայնքի ղեկավարը մարզպետին տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կամրացվեն մանկապարտեզի պատերը և ծածկը, կիրականացվի ներքին և արտաքին հարդարում, կներդրվի ջրամատակարարման և օդափոխման համակարգ: Իսկ ծրագրի ավարտին համայնքի 80 երեխա բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա:

Համայնքապետը միաժամանակ տեղեկացրել է, որ Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ նախատեսված է ոռոգման ներտնտեսային ցանցի և Արաքս-Ջրառատի պ/կ հեռացնող ջրանցքի վերականգնում` 11.8 մլն դրամ ծրագրային արժեքով, որից 10 %-ը համայնքի համաֆինանսավորմամբ: Նա ընդհանուր տեղեկություն է ներկայացրել նաև 2020 թվականի առաջին կիսամյակում համայնքային բյուջեի միջոցներով իրականացված 1010 քմ ճանապարհների մասնակի խճապատման ու հարթեցման, ինչպես նաև 1200 մ խմելու ջրագծի անցկացման վերաբերյալ:

Կարևորելով համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացումը և դրանց շարունակական ապահովումը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անհրաժեշտ է համարել հերթական անգամ քննարկել գազաֆիկացման հարցը և առաջարկությունների փաթեթ ներկայացնել մարզպետարան:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համայնքային շրջայցի վերջին կանգառը եղել է Մարգարան: Այս համայնքում սուբվենցիոն ծրագրով ընթանում են 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ փողոցների ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները: Ներկայացնելով ծրագրի բյուջեն և ընթացքը` համայնքի ղեկավարը նշել է, որ 11 մլն 480 հազար դրամի շրջանակում (70 % պետություն, 30% համայնք) կառուցվում է 2366 գծմ ջրագիծ, որի արդյունքում շուրջ 53 տնտեսություն կապահովվի որակյալ և շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Մարգարա կատարած այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է նաև 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզում իրականացված կապիտալ վերանորոգման աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով համաֆինանսավորման ծրագրերով և այլ աղբյուրներով համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համայնքապետերին կոչ է արել հետևողական լինել դրանց որակի և ժամկետների ապահովման հարցում` բացառելով ցանկացած թերացում: Նա միևնույն ժամանակ առաջարկել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել համայնքի բյուջեով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը` թույլ չտալով բյուջեի թերակատարում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49