Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը տարեմուտի առթիվ

30.12.2020

Արմավիրի մարզի հարգելի´ բնակիչներ, սիրելի´ հայրենակիցներ,

Հայ ժաղովուրդն ապրում է իր պատմության դժվարին ժամանակաշրջաններց մեկը, երբ կորոնավիրուսային համավարակին զուգորդած Արցախյան երրորդ պատերազմը խլեց հազարավոր լուսավոր կյանքեր ու մեր պատմական Հայրենիքի զգալի մասը:

Այսօր չափազանց շատ են մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: Սակայն դարերի ընթացքում հայն իր անկոտրում կամքով բազմիցս կարողացել է իր մեջ ուժ գտնել և հաղթահարել պատուհասած փորձությունները, շտկել ճակատագրի հուժկու հարվածից կորացած մեջքը և շարունակել ապրել ու արարել։

Հարգելի' հայրենակիցներ, այս համատարած ցավին պետք է հաջորդի համախմբումը, միասնաբար ու համակարգված աշխատանքը` ի շահ մեր Հայրենիքի և ի հիշատակ մեր հայրենանվեր քաջերի: Չէ՞ որ մենք՝ հայերս, ունենք ազգային մի հատկանիշ. դժվար կացությունից դուրս գալու հույս ենք գտնում, իսկ ողբերգությունից` մխիթարություն:

Ինչ խոսք, մենք երբեք չենք մոռանա այն, ինչ ապրեցինք 2020-ին։ Այն իր անջնջելի հետքը թողեց մեր պատմության էջերում և մեր հոգիներում։ Բայց և եկեք ընդունենք, որ կյանքը շարունակվում է։ Եվ մենք՝ ապրողներս, պետք է մեր ապրած ամեն օրով արժանին մատուցենք մեր հերոս նահատակներին և մեր Հայրենիքին։

Ուստի եկեք 2021 թվականը սկսենք նոր հույսերով և նորոգ հավատով։ Եվ նոր տարում հանդուրժողականությունն ու կամեցողությունը դարձնենք մեր կյանքի ուղեկիցն ու կարգախոսը: Եվ հավատացած եղեք, որ այս պարագայում մեր ցանկալի հաջողություններն իսկապես անխուսափելի կդառնան։

Թող 2021-ին մայրական օրհնանքն ու հայրենի հողի սատար ուժը նեցուկ լինեն սահմանին կանգնած մեր զինվորին, ու թող մեր սահմանը պահող հայորդիներն ապահով և անփորձանք վերադառնան տուն: Իսկ հայրենի հողի պաշտպանության համար նահատակված մեր քաջարի հերոսները թող հանգչեն խաղաղությամբ։ Խունկ ու խոնարհում նրանց հիշատակին։

Հարատևություն, խաղաղություն ու բարեկեցություն մեր Հայրենիքին:

Աստված պահապան Հայոց հողին ու ժողովրդին:

  Հարգանքով` Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-01-21 17:59:45