Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հաշվետու նիստը

20.01.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված աշխատանքների ամփոփման հաշվետու նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նիստին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, մարզպետի տեղակալներ Արգիշտի Մեխակյանը, Ալեքսան Ալեքսանյանը, նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, աշխատակիցները, մարզային ոստիկանության և ԱԱԾ պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և համայնքների ղեկավարները:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը, որից հետո շնորհավորել է ներկաներին տարեմուտի կապակցությամբ՝ ցանկանալով ամենայն բարիք, սպասումներով ու հաղթանակներով լի տարի:

Նիստի օրակարգով հաստատված հարցերի շրջանակում ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովhաննես Մարգարյանը ներկայացրել է վարչության 2020 թվականի գործունեության հաշվետվությունը` մասնավորապես ընդգծելով, որ Արմավիրի ՄՓՎ-ն 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքները մինչև 2020 թվականի մարտի 20-ը կատարել է ամբողջությամբ:

Հովհաննես Մարգարյանի տեղեկացմամբ` 2020 թվականին մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Միաժամանակ նշվել է, որ հաշվետու տարում քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով ՄՓՎ կողմից ցուցաբերվել է մեթոդական օգնություն մարզի համայնքների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանների և պլան-ժամանակացույցերի ճշգրտման ուղղությամբ:

Անդրադառնալով 2019 թվականին մարզում գրանցված տեխնածին աղետներիին` Արմավիրի ՄՓՎ պետը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է հրդեհի 467, կենցաղային 247, ավտովթարի 42 և այլ բնույթի տեխնածին աղետների 67 դեպք: Ըստ նրա` 2019-ի համեմատությամբ ընդհանուր դեպքերի թիվը նվազել է 142-ով՝ մոտ 14.8% տոկոսով:

Հովհաննես Մարգարյանն իր զեկույցում նշել է, որ Արմավիրի ՄՓՎ ՃԿԿ 911 ահազանգման կենտրոնում հաշվետու տարում գրանցվել է 106 097 զանգ: ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումների և օպերատիվ խմբի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է 838 ելք, որից հրդեհների մարման նպատակով` 506, իսկ փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով՝ 332:

Արմավիրի ՄՓՎ պետը անդրադարձել է նաև փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման, անձնակազմի կառավարման և իրավական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Նա առաջարկել է 2021 թվականին վարչության գործնեությունը նպատակաուղղել արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում մարզի վարչական տարածքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավմանը, ղեկավար կազմի և ՔՊ մասնագետների պատրաստվածության բարձրացմանը: Հովհաննես Մարգարյանն ընթացիկ տարվա համար կարևորել է նաև բոլոր մակարդակների ՔՊ և տարահանման պլանների, պլան-ժամանակացույցերի ճշգրտումը` առաջարկելով դրանք դարձնել առավել իրատեսական:

Ավարտելով զեկույցը` Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ հաշվետու ժամանակաշրջանում միշտ պատրաստակամ գործունեության, ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

Օրակարգով հաստատված հարցերի շրջանակում զեկուցմամբ են հանդես եկել ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության գլխավոր հետաքննիչ համակարգող Գ. Խոստենյանը և ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ավագ փորձագետ Ա. Սարգսյանը:

Ամփոփելով նիստը՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ չնայած բարդ ու լարված իրավիճակին, աշխատանքները կատարվել են ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավորեն: Նիստի ավարտին Համբարձում Մաթևոսյանի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել մարզային իշխանության տարբեր ոլորտներ ներկայացնող պաշտոնյաներ, այդ թվում` համայնքների ղեկավարներ, նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ և մարզպետարանի մեկ աշխատակից (պարգևատրվողների ցանկ):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49