Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մշակութային հագեցած օր Արմավիրի մարզային գրադարանում

19.02.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արեքեպիսկոպոս Ադամյանի, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Վլասովի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ միասին այսօր ԿԳՄՍ նախարարության Արմավիրի մարզային գրադարանում ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը, որի սկիզբն ազդարարվել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Արմավիրի մարզպետարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ:

Հուշագրի կարևորագույն նպատակներից է աջակցել Ռուսաստանի և Հայաստանի պատմության ու մշակույթի հանրահռչակմանը, երկու ժողովուրդների պատմական ժառանգության և մշակութային արժեքների պահպանությանը, ինչպես նաև ամրապնդել մշակութային և գործարարական փոխադարձ կապերը` հայ և ռուս հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ միջազգային համաժողովներ ու գիտաժողովներ կազմակերպելու և իրականացնելու միջոցով:

Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին օրվա առթիվ և առանձնակի շնորհակալություն հայտնելով «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենին՝ փոխգործակցության արդյունավետ մեկնարկի համար` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախ անդրադարձել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կարևոր դերակատարմանը սերունդների հայեցի կրթության և դաստիարակության գործում` միևնույն ժամանակ ընդգծելով նրա թողած հարուստ գրական ժառանգության էական դերն ու նշանակությունը:

Անդրադառնալով փոխգործակցության հուշագրին` մարզպետը նշել է, որ այն լոկ փաստաթուղթ չէ. այն իր մեջ ներառում է բարձր աշխատանքային և մարդկային հարաբերությունների հիման վրա նոր հեռանկարներ ունեցող մի ծրագիր, որն, ըստ նրա, արդյունավետ ընթացք է ստանալու:

Իր հերթին ողջունելով ներկաներին և գոհունակություն հայտնելով հաճելի օրվա համար՝ Վահրամ Կարապետյանն անդրադարձել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, և այն գալիք սերունդներին փոխանցելու երկկողմ պատրաստակամությանը: Այդ համատեքստում նա կարևորել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանի աջակցությամբ փետրվարի 1-ից մարզային գրադարանում ռուսաց լեզվի անվճար դասընթացների կազմակերպումը և հույս հայտնել, որ այն տարածում կունենա մարզի այլ համայնքներում ևս:

Ցերեկույթին Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործություններն ասմունքի և բեմադրության միջոցով ներկայացրել են Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցի սաները, գրադարանում անցկացվող ռուսաց լեզվի դասընթացներին մասնակցող աշակերտները, գրադարանի հավատարիմ ընթերցողներն ու ստեղծագործողները:

Միջոցառումն ամփոփվել է միմյանց գիրք նվիրելով: Իսկ «Դոմ մոսկվին» էլ գրադարանին է նվիրաբերել մեծ քանակությամբ գրքեր` գրքային ֆոնդը հարստացնելով նոր հավաքածուով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-03-05 15:54:44