Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուշ-ցերեկույթ` նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում ընկած գետաշենցի քաջերի հիշատակին
16.03.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Գետաշեն համայնքում ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված «Հավերժ փառք» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին, որին իրենց գեղարվեստական մասնակցությունն են ունեցել Գետաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները, Արմավիրի արվեստի պետական քոլեջի և Մեծամորի երաժշտական դպրոցի սաները:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետն իր վշտակցությունն է հայտնել քաջաբար ընկած գետաշենցիների ծնողներին, կանանց և հարազատներին՝ նշելով, որ հերոսներն անմահ են, իսկ նրանց սխրանքները՝ անգին, որ ցավի մեծ զգացում ու ափսոսանք է ապրում՝ խոնարհվելով նրանց հիշատակի առջև: Մարզպետն իր խոսքում որդիական սիրով դիմել է հերոս տղաների ծնողներին՝ շնորհակալություն հայտնելով նման հայրենանվեր ու արիական դաստիարակության համար, որի կրողն ու շարունակողը, ըստ նրա, Գետաշենի ներկա ու գալիք սերունդներն են:
ԶՈւ Արմավիրի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ, փոխգնդապետ Ռուդիկ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահների կողմից հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար կրտսեր սերժանտ Կարապետ Հարությունյանին և շարքային Թաթուլ Հովհաննիսյանին հետմահու հանձնել է «Մարտական ծառայություն» մեդալներ: Առաջիկայում հետմահու կպարգևատրվեն նաև պատերազմում հերոսաբար ընկած գետաշենցի Գագիկ Դավթյանը, Շիրազ Սանասարյանը և Արմենակ Գասպարյանը:
Հիշատակի միջոցառումն ամփոփվել է Արմավիրի թեմի հոգևորական տեր Ահարոն քահանա Գրիգորյանի ցավակցության և օրհնության խոսքով, որից հետո թեմի կողմից պատերազմում զոհված հայորդիների ծնողներին և կանանաց Աստվածաշունչ է հանձնվել: