Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս

27.04.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուների և Արմավիրի քաղաքապետի հետ այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս:

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը զորամաս այցելած մարզային իշխանության ներկայացուցիչներին, հոգևոր առաջնորդին, սպայական կազմին և զինվորներին է ներկայացրել ուսումնական զորամասի նորանշանակ հրամանատար Դավիթ Ալեքսանյանին:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախ խորին երախտագիտություն է հայտնել զորամասի սպայական կազմին և զինվորներին՝ արցախյան 44-օրյա պատերազմում ունեցած կարևոր մասնակցության, ցուցաբերած մասնագիտական ու մարդկային բարձր որակների և հայրենիքում ապրելու արդար իրավունքը պաշտպանելու կամքի ու վճռականության համար:

Նա ցավով անդրադարձել է նաև պատերազմում ունեցած մարդկային, տարածքային ու նյութական մեծ ու անդառնալի կորուստներին՝ ընդգծելով. «Մենք իրավունք չունենք հուսահատվելու: Մենք պարտավոր ենք օր առաջ շտկելու մեր մեջքը և ապացուցելու հայի արժանապատիվ տեսակն ու արժանին մատուցելու մեր ընկած քաջերի հիշատակին»:

Ապա Համբարձում Մաթևոսյանն իր շնորհակալությունն է հայտնել զորամասի նախկին հրամանատար Արթուր Երոյանին և ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամասի հրամանատարի գործառնական պարտականությունները պաշտոնավարման ընթացքում լավագույնս իրականացնելու, զինծառայողների շրջանում բարոյակամային ու մարտական հատկանիշներ դաստիարակելու և զորամասում ներքին կարգուկանոնը մշտապես բարձր մակարդակի վրա պահելու համար նրան պարգևատրել ՀՀ Արմավիրի մարզպետի պատվոգրով:

Այնուհետև շնորհավորելով զորամասի նորանշանակ հրամանատար Դավիթ Ալեքսանյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը վերջինիս ցանկացել է խաղաղ երկնքի ներքո ծառայություն և բազում հաջողություններ՝ ի պատիվ Հայաստանի Հանրապետության և Հայոց բանակի:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նաև շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38