Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառում՝ Սարդարապատի միջնակարգ դպրոցում

11.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի, Աժ պատգամավոր Քաջիկ Գևորգյանի հետ Սարդարապատի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառմանը:

Թեժ մարտերում քաջաբար ընկած սարդարապատցիներ «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի, փոխգնդապետ Սեդրակ Վարդանյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Պողոսյանի, սերժանտ Դավիթ Մարտիրոսյանի, շարքայիններ Սպարտակ Մարտիրոսյանի, Գարիկ Ռաշոյանի, պայմանագրային զինծառայող Ավետիս Ավետիսյանի և անհետ կորած համարվող Ալբերտ Մելքոնյանի հայրենի դպրոցում կազմակերպված միջոցառումը սկսվել է նրանց հիշատակին կանգնեցված խաչքարի օծման և հուշապատի օրհնության կարգով:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետն իր վշտակցությունն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած սարդարապատցիների ծնողներին, կանանց և հարազատներին՝ նշելով. «Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում Սարդարապատ համայնքն անմասն մնալ չէր կարող, որի արդյունքում մենք ունեցանք 7 զոհ և 1 անհայտ կորած: Մեր եղբայրները կենացմահու կռիվ տվեցին՝ անմնացորդ ծառայելով հայրենիքին և զոհաբերելով ամենաթանկը՝ իրենց կյանքը: Իրենց սխրանքներով նրանք աշխարհին ապացուցեցին հայի արժանապատիվ տեսակը, այս հողի վրա ապրելու և արարելու արդարացի իրավունքը:

Հերոսածին մայրեր, սիրելի ուսուցիչներ, առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ՝ մեր անմահացած հերոսներին հայրենասիրական ոգով դաստիարակելու, և նրանց մեջ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում սերմանելու համար:
Հավերժ հիշատակ և խոնարհում մեր հերոս եղբայրներին»:

Ապա մարզպետն անդրադարձել է սարդարապատցի հերոսների, մասնավորապես՝ «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի սխրանքներին, որի համար Սարդարապատի միջնակարգ դպրոցը դեռևս պատերազմի օրերին արժանացել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալին: Այն այսօր կրթօջախի տնօրենին է հանձնել կրթական գերատեսչության նախկին ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

Հուշ-ցերեկույթին իրենց գեղարվետական մասնակցությունն են ունեցել Սարդարապատի միջնակարգ դպրոցի սաները և երգչախումբը: Միջոցառումն ամփոփվել է սարդարապատցի քաջերի անունը կրող դասասենյակների անվանակոչությամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08