Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Նալբանդյան, Ջանֆիդա և Արմավիր համայնքներ

12.05.2021

ՀՀ Արմավիրի մազպետ Համբարձում Մաթևոսյանը համայնքային այցերի շրջանակում այսօր եղել է Նալբանդյանում, Ջանֆիդայում և Արմավիրում, ծանոթացել համայնք-պետություն համաֆինանսավորմամբ և պետական աջակցությամբ իրականացվող այլ ծրագրերով համայնքային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներին:

Նալբանդյանում մարզպետը նախ ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված նալբանդյանցի քաջերի հիշատակին նվիրված միջոցառմանը, ապա փառքի պուրակում ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Այնուհետև մարզպետը ծանոթացել է պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով 2020 թվականին մեկնարկած և օրերս ավարտված 40 կՎտ դրվածքային հզորությամբ 2 արևային էլեկտրակայանի տեղադրման աշխատանքներին: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 մլն 230 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 55%` 12 մլն 226.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 45%` 10 մլն 003.5 հազ. դրամ:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանին փոխանցվել է նաև, որ համայնքապետարանը մշակույթի տան վերանորոգման և համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման նպատակով 2021 թվականի համաֆինանսավորման ծրագրի հայտ է ներկայացրել մարզպետարան՝ ամբողջական փաթեթների կազմման ու Տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարություն ներկայացման համար։

Հաջորդիվ մարզպետն այցելել է Ջանֆիդա համայնք, ծանոթացել 2020 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Վ.Սարգսյանի անվան մանկապարտեզում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տեղեկացվել է, որ 1969 թվականին կառուցված մանկապարտեզը մինչ այս երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել:
91 մլն 931.36 հազ. դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի իրականացման համար 59 մլն 755.38 հազ. դրամ (65%) հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ համայնքի մասնակցությունը կազմել է 32 մլն 175.98 հազ. դրամ (35%):

Մանկապարտեզի շենքի օպտիմալ շահագործման համար փոխվել է մուտքի դուռը, պատրաստվել է բետոնե հատակ, նորոգվել են աստիճանները, կառուցվել է բաց պատշգամբ, փոխվել են ջրագծերը, դռները, պատուհաններն ու տանիքը, ապահովվել է անխափան էլեկտրամատակարարում և ջրամատակարարում, իրականացվել են նաև ներքին հարդարման աշխատանքներ:

Մարզպետի շրջայցի վերջին կանգառը եղել է Արմավիր համայնքը: Արմավիրում Համբարձում Մաթևոսյանը նախ ծանոթացել է Ս-3-11, Հ-15 (Արմավիր գ.) -Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա-Մ-5 ճանապարհի 3 կմ հատվածում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին:

Այնուհետև Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել են համայնքի կենտրոնում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված բարեկարգման աշխատանքները: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 11 մլն 241.13 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 30%` 3 մլն 372.34 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 7 մլն 868.79 հազար դրամ:

Ծրագրով նախատեսաված աշխատանքների շրջանակներում բարեկարգվել է կենտրոնական փողոցը, սալիկապատվել է մշակույթի տան հարակից հրապարակը, վերականգնվել է ջրավազանի արտաքին տեսքը, տեղադրվել են նստարաններ և շատրվանների շահագործման նոր համակարգ:

Մարզպետն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել համայնքային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով, որ տարեցտարի պետք է ընդլայնվեն դրանց ծավալները՝ բարելավելով բնակիչների կենսակերպն ու նվազագույնի հասցնելով նրանց խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08