Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Արմավիրի սահմանապահ զորամասի կազմավորման 97-րդ և ՌԴ Սահմանապահների օրվա 103-րդ ամյակներին նվիրված միջոցառմանը

26.05.2021

Անաստաս Միկոյանի անվան Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի կազմավորման 97-րդ և Ռուսաստանի Դաշնության Սահմանապահների օրվա 103-րդ ամյակների կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը զորամասի հրամանատարական կազմի, Արագածոտնի մարզպետի, մարզային իշխանության մի խումբ ներկայացուցիչների և հյուրերի հետ այսօր այցելել է Օշականի ճակատամարտի զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել ճակատամարտում զոհված ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Այնուհետև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասում մարզպետը ներկա է գտնվել տոնական օրերին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա առթիվ՝ նա նշել է. «Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցությունը միշտ բխել է մեր ժողովուրդների կենսական շահերից, նպաստել մեր երկրների հետագա զարգացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Մասնավորեցնելով խոսքս և այն զուգորդելով Անաստաս Միկոյանի անվան Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի սահմանապահ ջոկատի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի միջև առկա արդյունավետ համագործակցության ու մարզի սահմանների անվտանգության ապահովման գործում ամենօրյա համագործակցված աշխատանքի հետ՝ կարող եմ վստահորեն ասել, որ տեղում արվում է հնարավորը՝ մեր դարավոր բարեկամության հիմքերն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:

Այսօր Օշականի ճակատամարտի զոհերի հուշահամալիրում մենք հարգանքի տուրք մատուցեցինք նաև հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած 1131 ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակին: Պատերազմում հերոսացած մեր քաջերի անունները ոսկե տառերով են գրվել երկու եղբայրական ժողովուրդների պատմության էջերում, որոնք լի են վստահության ու փոխադարձ օժանդակության յուրօրինակ ոգով:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել բոլորիս այս հիշարժան ու տոնական օրերի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ երկինք և խաղաղ արարում՝ ի շահ մեր պետությունների հզորազման ու անվտանգության գերակայության»:

Ամփոփելով իր խոսքը՝ Անաստաս Միկոյանի անվան Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի կազմավորման 97-րդ և Ռուսաստանի Դաշնության Սահմանապահների օրվա 103-րդ ամյակների կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի սահմանների անվտանգության ապահովման և Արմավիրի մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցության համար մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի մարզպետարանի պատվոգրով է պարգևատրել Անաստաս Միկոյանի անվան Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատար Սերգեյ Վլասովին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35