Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ մարզպետն այցելել է հանրակրթական ուսումնական հաստատություններ
01.09.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոց, ապա եղել է Ֆերիկի Ռզալե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական, Ջրաշենի և Ակնալճի Ա. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցներում:
Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի և կրթական հաստատությունների տնօրենների ուղեկցությամբ շրջել է դասասենյակներով, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ, հետաքրքրվել դասապրոցեսներով, շնորհավորել ու բարեմաղթել նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Դպրոցներ կատարած այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է նաև ընդհանուր շենքային պայմաններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին: Համբարձում Մաթևոսյանը տնօրենների, ինչպես նաև համայնքապետերի հետ քննարկել է կրթօջախների համար առաջնային լուծում պահանջող մի շարք հարցեր, որոշ խնդիրների կարգավորման առնչությամբ ներկայացրել ծրագրային լուծումներ և տվել համապատասխան հանձնարարականներ:
Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ ուսումնական վերոնշյալ հաստատություններ կատարած շրջայցը մարզպետն ամփոփել է լրագրողների հետ հարցազրույցով: Նա անդրադարձել է տվյալ կրթօջախներում իրականացված և նախատեսվող ծրագրերին՝ մասնավորապես առանձնացնելով եզդիաբնակ Ֆերիկ համայնքի դպրոցում նախակրթարանի հիմնման, իսկ Վաղարշապատի N4-ում՝ մարզադահլիճի կառուցման ծրագրերը: Համբարձում Մաթևոսյանն ապա խոսել է վերջին երեք տարիներին մազում դպրոցաշինության ուղղությամբ իրականացված աննախադեպ աշխատանքների և գրանցված արդյունքների մասին՝ դրանք համարելով շարունակական և ի նպաստ մատաղ սերնդի կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման: