Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակում է ծանոթանալ մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքին

02.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակում է ծանոթանալ մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական բյուջեի միջոցներով և համաֆինանսավորման ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին:

Համայնքային հերթական այցի շրջանակում մարզպետը եղել է Ակնալճում և Ջրաշենում, կանգառ է ունեցել նաև Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհին, հետևել ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:

Ակնալիճ համայնքում մարզպետին ներկայացվել են Եվրասիական զարգացման բանկի 90% ֆինանսավորմամբ և համայնքի 10% համաֆինանսավորմամբ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում ընթացող ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգման աշխատանքները:

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մարզի 39 համայնքում համաֆինանսավորման այս ծրագրի շրջանակում ընթանում են ոռոգման ներտնտեսային ցանցերի վերանորոգմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ: Ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 93 կմ ոռոգման ներտնտեսային ցանց: Ակնալճում ծրագրի իրականացմամբ կապահովենք 40 հեկտար հողատարածքի լիարժեք ոռոգում»,- անդրադառնալով մարզում ծրագրի կարևորությանը՝ նշել է Համբարձում Մաթևոսյանը:

Այնուհետև մարզպետին ներկայացվել են 2020 թ. սուբվենցիոն ծրագրով Շահումյան փողոցի մի հատվածի, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 1758 գծմ:

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Ակնալճում 2018 թվականից սկսված միջհամայնքային ճանապարհների նորոգմանն ուղղված ծրագրերը, որոնց արդյունքում ասֆալտապատվել է նաև Ակնալիճ համայնքի Շահումյանի անվան փողոցի և նրանից դեպի ավտոմայրուղի ընկած հատվածը, ինչպես նաև Արարատյան և Ազատամարտիկների փողոցների մի մասը:

Ակնալճից Ջրաշեն տանող ճանապարհին մարզպետը կանգառ է ունեցել Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի կմ37+417- կմ42+988 հատվածում, որտեղ պետական բյուջեի միջոցներով Մեծամորից մինչև Արմավիր քաղաք 5.57կմ երկարությամբ ճանապարհահատվածում իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։

«2018 թ-ին վերանայելով Արմավիրի մարզի զարգացման հնգամյա ծրագիրը՝ մենք կարևորագույն պրոբլեմը համարեցինք Երևանից դեպի Արմավիր քաղաք Մ-5 ճանապարհահատվածի նորգումը: Քանի որ ճանապարհի ամբողջական վերանորոգումը բավականին թանկ կլիներ, որոշեցինք այն իրականացնել տրանշներով և տարեցտարի: 1-ին փուլով ավարտել ենք Արմավիր քաղաքի միջքաղաքային հատվածը, այնուհետև՝ Երևան-Փարաքար, Փարաքար-Էջմիածին հատվածը, իսկ այժմ ավարտական փուլում է Մեծամորից դեպի Արմավիր քաղաք տանող հատված՝ ամբողջությամբ կառավարության միջոցներով և Ճանապարհաշինարարական դեպարտամենտի վերահսկողությամբ»,- ԶԼՄ ներկայացուցչի հետ զրույցում նշել է մարզպետը՝ հավելելով, որ հաջորդ տարի կսկսվի նաև Մեծամոր-Էջմիածին ճանապարհահատվածի հիմնանորոգումը և դրանով ամբողջությամբ կավարտվի Արմավիր-Երևան ճանապարհի վերանորոգումը:

Այնուհետև այցելելով Ջրաշեն համայնք՝ Համբարձում Մաթևոսյանը ծանոթացել է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով 1-ին փողոցի կենտրոնական ճանապարհահատվածի մայթերի սալարկման աշխատանքների ընթացքին: «Ինձ համար ուրախալի է, որ պետական աջակցությամբ այս համայնքում առաջին անգամ իրականացվող ծրագիրը սկիզբ է դարձել նոր ծրագրերի համար. շուտով Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի նաև համայնքի մշակույթի տան տանիքը, իսկ դպրոցում մասնակի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն»,- իր խոսքում նշել է մարզպետը Համբարձում Մաթևոսյանը՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին և համայնքի ղեկավարին հորդորելով հետևողական լինել ընթացող և նախատեսվող շինաշխատանքների որակի պահպանման նկատմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59