Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատ համայնքում տեղի է ունեցել ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտական միջոցառումը

16.09.2021

ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի և համայնքապետարանի համատեղ ջանքերով իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտական միջոցառումը, որին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն,  Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ և համայնքի բնակիչներ:

Ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում նորացվել է ջրամատակարարման ամբողջ ենթակառուցվածքը՝ հին քայքայված խողովակները փոխարինվել են ավելի դիմացկուն պոլիէթիլենային խողովակներով, կառուցվել են նոր պոմպակայանը և քլորացման կայանը, բարելավվել է պոմպի արդյունավետությունը։ Ջրագիծը հասցվել է գյուղի բոլոր տնային տնտեսություններին։

Իրականացված աշխատանքների արդյունքում համայնքը կունենա շուրջօրյա անվտանգ ջրամատակարարում: Ցանցի բարելավման և ջրաչափական համակարգի ներդրման շնորհիվ էլ կբացառվեն ցանցի կորուստները և ջրի վատնումը բնակիչների կողմից։ Իսկ համայնքը կկարողանա խնայել տարեկան մոտ 1,5 մլն խորանարդ մետր ջուր և 480 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա՝ տնտեսված միջոցներն ուղղելով համայնքային այլ խնդիրների լուծմանը։

Շնորհակալություն հայտնելով ծրագրի մասնակիցներին նման նվիրվածություն ցուցաբերելու համար՝ Ջոն Ալելոն նշել է, որ ուրախ է ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների երկարամյա համագործակցության համար, որ արդյունքում արվում է հնարավոր ամեն բան՝ համայնքներում խմելու ջրի խնդիրները վերացնելու ուղղությամբ: Նա հպարտությամբ փաստել է, որ ծրագիրը հաջողել է, և բնակչությանն ապահովել է 24-ժամյա մաքուր ջրով: Նա նկատել է, որ ծրագրի արդյունքում բազմաթիվ խնայողություններ կլինեն թե´ ջրի, թե´ էլեկտրաէներգիայի ծախսերի մասով, որոնք կուղղվեն համայնքային այլ կարիքներ հոգալուն:

Մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն էլ իր հերթին շնորհավորելով Սարդարապատ համայնքին՝ վերանորոգված, նորացված ջրամատակարարման համակարգի գործարկման կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել Ամերիկայի կառավարությանը և ժողովրդին՝ մշտապես Հայաստանի, մասնավորապես՝ Արմավիրի մարզի բնակչության կողքին լինելու և այսպիսի նախագծեր իրականացնելու համար: Նա կարևոր է համարել կենսատու ջրի անխափան մատակարարումը բնակիչներին՝ նշելով, որ լուծվել է մի հարց, որը տասնամյակներ շարունակ առկախված էր այս համայնքում:

Հավելենք, որ ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ խմելու ջրի այս ծրագիրն իրականացվել է նաև Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում՝ գրանցելով գերազանց արդյունք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-10-28 11:45:21