Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Անկախության 30-ամյակին նվիրված Արցախյան 3-րդ պատերազմի զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը

21.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի մարզային ստորաբաժանումների պատասխանատուների, Արմավիրի թեմի հոգևորականների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ Արցախյան հերոսամարտին և 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված Էջմիածնի հուշապուրակում այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված Արցախյան 3-րդ պատերազմի զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը:

Ոգեկոչման միջոցառման մասնակիցները նախ հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության համար ընկած քաջերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Արցախյան հերոսամարտին նվիրված հուշարձանին և ծաղիկներ խոնարհելով 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարերին: Ապա հերոս նահատակների հոգիների հանգստության և Հայոց աշխարհի խաղաղության համար օրհնության խոսք և աղոթք է հնչեցրել առ Աստված Էջմիածին քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը:

Ողջունելով Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված Արցախյան 3-րդ պատերազմի զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառման մասնակիցներին՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդես է եկել ելույթի խոսքով, որում մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետության 30-ամյա անկախությունը բոլորիս մեծագույն ձեռքբերումն է, պետության հիմնաքարը, պետականության հիմքը: Այս բառերը, ի հեճուկս թշնամիների, պետք է անհերքելի փաստ լինեն՝ դառնալով մեր՝ որպես ազգ ու պետություն հարատևելու գրավականը:

Ժամանակի թելադրանքով, ցավոք, ընկճված ենք, կորացած, բայց ոչ՝ կոտրված: Հայ ժողովուրդն անցել է վերելքներով ու վայրէջքներով ուղեկցվող փշոտ ճանապարհ: Պատվով է կրել հաղթողի տիտղոսն ու առավել մեծ պատասխանատվությամբ, հարատևելու ու հզորանալու մեծ կամքով պետք է տանի պարտության խաչը:

Վստահ եմ, որ ժամանակը կմաքրագրի ամեն ինչ և պատմության էջերում կգրվեն, թե ինչպես հայ զինվորի ոգու տոկունության շնորհիվ հայոց փոքրաթիվ բանակը 44 օր կարողացավ դիմակայել ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական եռագլուխ դևին:

Իսկ այժմ, ունենալով պատերազմի ծանր հետևանքները, պետք է մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու, պետք է մեր մեջ ուժ գտնենք ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետության, պետականության առաջընթացը:

Անհերքելի է, որ հայ ժողովուրդը պետք է հզորանա, հզորանա հանուն բոլոր նահատակ հերոսների հիշատակի, հանուն նրանց թափված արյան, հանուն նրանց երազանքների իրականացման:

Ինչ խոսք, հենց նման միջոցառումներով մենք պետք է իմաստավորենք մեր անկախությունը, առաջին հերթին մեր խոնարհումը բերենք մեր ընկած հերոսներին, որովհետև նրանք ընկել են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, հանուն աշխարհով սփռված հայության: Իսկ մենք՝ ապրողներս, ամեն հնարավորը պետք է անենք՝ նրանց անմահությունն իմաստավորելով մեր պետության հզորացմամբ և մեր ժողովրդի բարեկեցությամբ:

Մենք պարտք ունենք մեր հերոս տղաների առաջ: Եվ հանուն նրանց, հանուն մեր երեխաների վաղվա ապագայի պարտավոր ենք ապրել ու ապրեցնել: Քանզի ուժեղները չեն հանձնվում, անկախ իրողությունից՝ պայքարում են մինչև վերջ: Իսկ մեր պայքարն արդար է, և արդարությունը միանշանակ հաղթելու է:
Աստված պահապան հային ու Հայաստանին:
Փառք Հայոց բանակին:
Փառք հայ ժողովրդին:
Փառք Հայաստանի Հանրապետությանը»:

Օրվա առթիվ ելույթ է ունեցել, ապա 44-օրյա պատերազմում Էջմիածին քաղաքի զոհված զինծառայողների հարազատներին պատվոգրեր է հանձնել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: 44-օրյա պատերազմին Էջմիածնի թիվ N զորամասից մասնակցած զինռայողներն էլ պատվոգրով են պարգևատրվել զորամասի հրամանատար, գնդապետ Ռոլանդ Աթաբեկյանի կողմից:

Ոգեկոչման միջոցառումն ուղեկցվել է «Զորական» զինվորական անսամբլի մեներգիչ Գևորգ Մաղաքյանի ռազմահայրենասիրական կատարումներով և ամփոփվել Արցախյան 3-րդ պատերազմում զոհված ոստիկանության գնդապետ, էջմիածնեցի Արմեն Վարդանյանի հիշատակին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:06:43