Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Նարեկ և Սամվել Ղազարյաններին

12.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ Զվարթնոց թաղամասում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը:

Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին, իր խոնարհումը հայտնելով հերոսածին ծնողներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Էջմիածինը, միշտ լինելով Մայր հայրենիքի ու Արցախի կողքին, սատար կանգնելով առաջնագծում ծառայող մեր եղբայրներին, անմասն չմնաց նաև այս անհավասար պատերազմում՝ ունենալով 36 զոհ. «Ինչ խոսք, այս պատերազմում մենք ունեցանք և տարածքային և նյութական կորուստներ, բայց ամենացավալին անդառնալի մարդկային կորուստներն էին, որոնց վիշտը մեզ ուղեկցում է ամենուր»:

Խոսելով Ղազարյան եղբայրների հերոսական կերպարի ու մարդկային տեսակի մասին՝ մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսածին ծնողներին՝ նման որդիներ լույս աշխարհ բերելու ու հայրենասիրական ոգով դաստիարակելու համար. «Դուք այս ցավի ու ողբերգության պարագայում շարունակում եք Ձեր մեջ ուժ գտնել մարդկանց ու մեզ սփոփելու համար: Ձեզ հետ ունեցած զրույցներում մենք հույս ենք փայփայում գալիք օրերի համար, որը միայն ոգևորում ու ապրեցնում է բոլորիս:
Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:

«Հազարամյակներ շարունակ մենք պայքարել ենք մեր գոյատևման, մեր հավատքի ու մեր հայրենիքում արժանապատիվ ապրելու մեր իրավունքի համար, և այս պատերազմը դրա շարունակությունն էր: Բազմաթիվ անգամ նշել եմ, որ սա մեր հերթական Ավարայրն է եղել, երբ կորցրել ենք մեր մարտական հաջողությունը կամ պատերազմում մեզ համար ոչ այդքան ընդունելի ավարտ ենք ունեցել, բայց գոյատևելու, պայքարը շարունակելու, երկիր կառուցելու, հայ ու քրիստոնյա մնալու իրավունք ենք վաստակել: Այդ իրավունքը վաստակել ենք Սամվելի, Նարեկի և մեր հազարավոր տղաների շնորհիվ»,- իր խոսքում նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երախտագիտություն հայտնելով Ղազարյանների ընտանիքին և ընդգծելով, որ սերունդներն իրենց արժանապատիվ ապրելու և հայ մնալու իրավունքի պաշտպանության համար պարտական են լինելու մեր հերոսներին:

Հերոս եղբայրների հիշատակը հավերժացնող հուշակոթողը բացել է նրանց հայրը՝ Գեղամ Ղազարյանը, իսկ օծումը կատարել է Արմավիրի թեմի հոգևորական Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը:

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած եղբայրներից Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ Նարեկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-10-28 11:45:21