Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Նոր իրողությունների պարագայում ռուս–հայկական համագործակցության հեռանկարներ» hայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովին

19.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ մարզպետների, հայստանյան և ռուսաստանյան կառավարությունների ու այլ ոլորտային կառույցների պատասխանատու պաշտոնյաների հետ այսօր մասնակցել և ելույթով հանդես է եկել «Նոր իրողությունների պարագայում ռուս–հայկական համագործակցության հեռանկարներ» hայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովին:


ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովում.
«Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունել ձեզ հայ–ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին:

Մենք` երկու եղբայրական ժողովուրդներս, միշտ հպարտությամբ ենք խոսում մեր դարավոր բարեկամության, սերտ դաշնակցային հարաբերությունների մասին, որոնք արտահայտվում են փոխայցելություններով, համագործակցության տարբեր ծրագրերով, տարբեր մակարդակներով հանդիպումների հաճախականությամբ, ինչի վառ վկայությունն են նաև երեկ կլոր-սեղանների շուրջ ծավալված բովանդակալից քննարկումները, որոնց մասնակցեցին նաև Արմավիրի մարզպետարանի ոլորտային պատասխանատուները:

Ակտիվ է մեր փոխգործակցությունը տարածաշրջանային և գերատեսչական մակարդակներում: Հայաստանի բոլոր մարզերը, ներառյալ Արմավիրը, Ռուսաստանի Դաշնության տարբեր վարչատարածքային միավորների հետ համագործակցում են հորիզոնական մակարդակում, ինչն իր կարևոր նշանակությունն ունի հայ-ռուսական փոխգործակցության ընդհանուր համատեքստում:

Հաճելի է նշել, որ Արմավիրի մարզը տարբեր ոլորտներում համագործակցության պայմանագրեր է կնքել Ռուսաստանի Դաշնության Յարովսլավլի մարզի, Մոսկվայի մարզի, ինչպես նաև Վոլոգդայի և Կալուգայի շրջանների հետ: Տարբեր ձևաչափերով համագործակցություն է իրականացվում ՀՀ Արմավիր և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքների միջև, Արմավիր և Շախտի, Էջմիածին-Պետրոզավոդսկ և Սերգիև Պոսադ քաղաքների միջև:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այսօր մենք կանգնած ենք տարիների ընթացքում կառուցված երկկողմ հարաբերություններին նոր որակ և բովանդակություն հաղորդելու խնդրի առջև, մենք մեծ պատրաստակամություն ունենք ակտիվացնելու համագործակցությունը հաստատված համաձայնագրերի, պայմանագրերի և կողմերի միջև կնքված հուշագրերի շրջանակներում:

Օգտվելով առիթից ՝ ցանկանում եմ նշել, որ այս տարվա փետրվարին Արմավիրի մարզպետարանի և «Մոսկվայի տուն» գործարար և մշակութային կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակներից մեկն է նպաստել Հայաստանի և Ռուսաստանի պատմության և մշակույթի, մշակութային ժառանգության հանրահռչակմանը։

Հուշագրի շրջանակներում Արմավիրի մարզպետարանը և «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնը արդյունավետ համագործակցում են կրթական և մշակութային տարբեր ծրագրերում՝ արձանագրելով մի շարք գործնական հաջողություններ:

Վստահաբար կարող եմ ասել, որ մեր դարավոր բարեկամությունն էլ ավելի է ամրապնդվում Արմավիրի մարզպետերանի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Անաստաս Միկոյանի անվան սահմանապահ ջոկատի հետ ամենօրյա համագործակցությամբ, որն ապահովում է տարածաշրջանի սահմանների անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետությունը գյուղատնտեսության ոլորտում զարգացման ու գործակցության մեծ ներուժ ունի։ Արմավիրի մարզն առանցքային դեր է խաղում հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման ոլորտում:

Վերջին 5 տարիների ընթացքում տարածաշրջանը մասնագիտացել է համեմատաբար եկամտաբեր գյուղատնտեսական արտադրանքի արտադրության մեջ` բանջարեղենի, մրգերի և խաղողի մշակմամբ: Տարածաշրջանում իր տեղն ունի ավանդական գյուղատնտեսությունը, սակայն ակտիվ աշխատանքներ են տարվում վերամշակող և տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից մեթոդներով գյուղատնտեսության անցնելու ուղղությամբ:

Ուշադրության արժանի հաջողություններ ունենք ոգելից խմիչքների, մասնավորապես` հայկական կոնյակի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր չրերի արտադրության մեջ: Պետք է հաշվի առնել, որ Արմավիրը մոտ է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, երկաթգծին, և «Զվարթնոց» օդանավակայանին:

Արմավիրը, ինչպես մեր հայրենիքի մյուս շրջանները, շատ հարուստ է պատմամշակութային տեսարժան վայրերով, ինչն իր հերթին մեծացնում է տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունը:

Վերոնշյալ բոլոր գործոնները մատնանշում են առևտրատնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Հուսով եմ, որ երկու բարեկամ պետությունների միջև ութերորդ անգամ կազմակերպված այս կարևոր իրադարձությունը կնպաստի տնտեսության, արդյունաբերության, կրթության և զբոսաշրջության բնագավառում հայ-ռուսական համագործակցության առավել զարգացմանը՝ համախմբելով մեր պետության հասարակական և բիզնես ոլորտների ներկայացուցիչներին:


Մաղթում եմ բոլորիս հաջողություններ: Համոզված եմ, որ համաժողովի ընթացքում հնչեցված գաղափարներն ու առաջարկությունները կնպաստեն հետագա գործնական, հումանիտար նախագծերի իրականացմանը։

Շնորհակալություն»:

Հավելենք, որ համաժողովի շրջանակում երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Արմավիրի մարզպետարանի և մարզային ենթակայության հաստատությունների մի խումբ աշխատակիցներ մասնակցություն են ունեցել կլոր սեղան-քննարկումների՝ հետևյալ թեմաների շուրջ.

  • «Եվրասիական ինտեգրման շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները»
  • «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում»
  • « Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում»
  • «ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն»
  • «Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:06:43