Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ

15.02.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ այսօր ունեցած հանդիպմանը ներկայացրել է 2022 թվականի համար մարզում տարբեր աղբյուրներով նախատեսվող ոլորտային ծրագրերը՝ կարևորելով դրանց նշանակությունը մարզային տնտեսության զարգացման համար:

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ մարզպետը նշել է, որ 2022 թվական է տեղափոխվել 2019, 2020 և 2021 թվականներին չավարտված և պետական բյուջեից համաֆինանսավորման ենթակա ընդհանուր 34 սուբվենցիոն ծրագիր՝ 2,076.5 մլրդ դրամ արժեքով: Նշված գումարից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմում է շուրջ 609.8 մլն դրամ:

2022 թվականի ընթացքում Արմավիրի մարզի 7 միավորված, ինչպես նաև եզդիաբնակ Ֆերիկ համայնքից ստացվել է 75 բնակավայրերին առնչվող 134 ծրագրային հայտ։ Մարզպետարանում տեղի ունեցած քննարկումների, ծրագրերի համադրման և ոլորտային տեսանկյունից միավորման արդյունքում Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 45 սուբվենցիայի հայտ և տեխնիկական բնութագիր՝ շուրջ 6 մլրդ 132 մլն դրամ ընդհանուր արժեքով։

Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև 2021 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Արմավիրի մարզում կրթության, գյուղատնտեսության ոլորտներում և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Նա մասնավորապես նշել է, որ հինգ հանրակրթական դպրոցում նախատեսված է նոր մարզադահլիճների կառուցում՝ 1 մլրդ 302 մլն 117.1 հազար դրամ ծրագրային արժեքով: Եվս չորս դպրոցում էլ նախատեսվել է մարզադահլիճների վերակառուցում՝ 893 մլն 505.5 հազար դրամ ընդհանուր գումարով: Իսկ մարզական օբյեկտների շինարարություն ծրագրով էլ Ջրառատ բնակավայրում կկառուցվի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը՝ 512,360.0 հազար դրամ ծրագրային արժեքով։

Անդրադառնալով պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցում ծրագրին՝ մարզպետը նշել է, որ Արևիկում 2021 թվականին մեկնարկած աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն հաշվետու տարում: Իսկ Այգեվան, Գետաշեն, Նորավան, Փշատավան և Լենուղի բնակավայրերում էլ նույն ծրագրի շրջանակում արդեն գումար է նախատեսված աշխատանքների նախագծի տեղակապման և փորձաքննության համար:

Պետական բյուջեի ֆինանսավորման շրջանակում անդրադառնալով ոռոգման համակարգերի վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը մասնավորապես ընդգծել է, որ նախատեսված է 49 մլն 497.7 հազար դրամ խորքային հորերի վերականգնման և 155 մլն 405.3 հազար դրամ էլ գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքների համար:

Ներկայացնելով ճանապարհաշինությանն ուղղված ծրագրերը՝ մարզպետը տեղեկացրել է, որ պետական բյուջեով նախատեսված է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի նորոգման, հիմնանորոգման և որակի շարունակական բարձրացման աշխատանքներ: Իսկ մարզային նշանակության 391.8 կմ ճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով էլ նախատեսված է 68 մլն 800.0 հազար դրամ՝ 46 կմ ընթացիկ նորոգման և 113.6 կմ ձմեռային պահպանման նպատակով։ Մարզպետի տեղեկացմամբ՝ 2022 թվականին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերով էլ իրականացվելու է 22,4 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում:

Անդրադառնալով այլ ծրագրերի շրջանակում 2022 թվականին նախատեսվող աշխատանքներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով հաշվետու տարում մեկնարկելու են Շենավանի, Ջրարբիի և Մրգաշատի թիվ 2 միջնակարգ դպրոցների կառուցման աշխատանքները:

Իսկ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից (COAF) 2022 թվականին Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրում 8.4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով կմեկնարկի Սմարթ համալիրի կառուցումը, Բաղրամյան համայնքի Քարակերտի N2 մանկապարտեզում էլ մարզում երկրորդ՝ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնումը:

Մարզպետն ընդհանուր տեղեկություն է ներկայացրել նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ով 2022-2023 թվականներին մարզի 7 միավորված համայնքներում մեկնարկած համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավման ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ համայնքի համաֆինանսավորումը կազմելու է 5%, իսկ յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված է մինչև 250 մլն դրամ:

Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Համաշխարհային բանկի, վարկային, ՀՀ կառավարության և համայնքային միջոցներով, սոցիալական ներդրումների և տարածքային զարգացում ծրագրով 2022 թվականին 370 մլն դրամ ընդհանուր արժեքով Փարաքարի մարզադպրոցի կառուցման ծրագրին, խոսել 500 մլն դրամ ծրագրային արժեքով՝ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից Լեռնագոգ համայնքում նախատեսվող 12 բնակելի տների և մանկապարտեզի կառուցման ծրագրի մասին՝ ընդգծելով, որ ներկայացված հիմնական ծրագրերի շրջանակում մարզում լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու, որոնք ուղղակիորեն բարելավելու են համայնքային սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքները՝ նպաստելով համայնքների զարգացմանը և բնակչության կենսական կարիքների բավարարմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38