Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Բաղրամյան միավորված համայնքի Լեռնագոգ, Արգինա և Քարակերտ բնակավայրեր

24.02.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում եղել է Բաղրամյան միավորված համայնքի Լեռնագոգ, Արգինա և Քարակերտ բնակավայրերում:

Համայնքային իշխանության ներկայացուցիչների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է նշված բնակավայրերում, ծանոթացել վերջին տարիներին իրականացված և դեռ շարունակվող աշխատանքներին, իսկ արդեն վարչական միավորների աշխատակիցների և բնակիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել 2022 թվականի համար նախատեսվող ծրագրերն ու քննարկել համայնքային նշանակության խնդիրները:

Լեռնագոգում մարզպետն այցելել է N1 շենք, որի 780 քմ մակերեսով տանիքի վերանորոգումն ընդգրկվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրում: «Բնակավայրի ոռոգման սնուցող ջրագծի կառուցում» ծրագրի շրջանակում էլ 4500 մ խողովակաշար է կառուցվելու, որի արդյունքում 200-250 հա հողատարածք ոռոգելի կդառնա։ Մարզպետը ծանոթացել է նաև այն տարածքին, որտեղ հաշվետու տարում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից նախատեսված է մանկապարտեզի և 12 բնակելի տների կառուցման ծրագիր՝ 500 մլն դրամ արժեքով։ Լեռնագոգում Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է նաև դպրոց, ծանոթացել ընդհանուր շենքային պայմաններին:

Էդվարդ Հովհաննիսյանի հաջորդ կանգառը եղել է Արգինա համայնքում, որտեղ նա ծանոթացել է Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում ծրագրի շրջանակում 2020 թվականին պետական բյուջեի միջոցներով մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին, որոնց ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբեր ամսին: Նա զրուցել է շինպատասխանատուի հետ, հետաքրքրվել աշխատանքների ընթացքին վերաբերող մանրամասներով և հոդորել կրթօջախը շահագործման հանձնել սահմանված ժամկետում՝ պահպանելով որակական չափորոշիչները:

Իսկ արդեն Արգինայի բնակիչների հետ հանդիպմանը մարզպետը նախ ներկայացրել է, որ բնակավայրում առաջին անգամ սուբվենցիոն ծրագիր է իրականացվելու, որի շրջանակում 3.5 կմ երկարությամբ ջրամատակարարման ցանց է կառուցվելու։ Նա կարևորել է բնակիչների և ՏԻՄ անդամների համախմբվածությունը ներհամայնքային խնդիրների լուծման շուրջ և հավաստիացրել, որ դրանք տարեցտարի նվազելու են: Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև բնակավայրում առաջնային կարևորության մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են գազաֆիկացմանը, ոռոգման ցանցի բարելավմանը և մանկապարտեզի շահագործմանը:

Մարզպետի համայնքային շրջայցն ամփոփվել է Քարակերտ բնակավայրում, որտեղ նա հանդիպել է վարչական միավորի ղեկավարի և աշխատակիցների հետ, քննարկել վերջին տարիներին իրականացված և 2022-ին նախատեսվող ծրագրերը՝ բարձր գնահատելով համայնքում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման ծրագրերի շարունակականությունը:

Նշվել է, որ 2022 թվականի համար պետական լիազոր մարմին է ներկայացվել համաֆինանսավորման երեք սուբվենցիոն ծրագիր, որոնցով նախատեսված է շուրջ 1475 մ երկարությամբ 5 փողոցի ասֆալտապատում, 400 գծ.մ գազատար խողովակաշարի անցկացում և մշակույթի տան տանիքին 50 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում: Իսկ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից էլ Քարակերտի N2 մանկապարտեզում նախատեսվում է Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնում՝ 50 մլն դրամ արժեքով։

Կարևորելով բնակավայրում արձանագրված հաջողությունները՝ Էդվարդ Հովհաննիսյանը կոչ է արել նույն տրամաբանությամբ և ջանասիրությամբ շարունակել աշխատել, բնակիչների հետ շփումը պահել բարձր մակարդակի վրա՝ չխուսափելով ներկայացնել ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:04:57