Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Հարկ վճարողի օրվա կապակցությամբ տոնական ընդունելություն է կազմակերպվել

19.04.2022

Ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվա կապակցությամբ, ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում այսօր տոնական ընդունելություն է կազմակերպվել՝ մարզում տեսանելի ձեռնարկատիրական գործունեությամբ առանձնացող ձեռներեցների մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում նշել է.  «Հարգելի ներկաներ,
Կարևորելով օրվա խորհուրդը՝ նախ ցանկանում եմ նշել, որ պետության և հարկ վճարողների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն վերջիններիս կողմից սահմանված պարտավորությունների կատարմամբ, այլ ընդգրկում են ավելի լայն շրջանակ, որի հիմքում ընկած է պետականաշինության գործում հարկ վճարողների առանցքային դերակատարումը և պետության ու հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների զարգացումը։

Եվ հենց այս համատեքստում 2021 թվականին հունվարի 27-ին գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնություններին և դրանք սահմանված կարգով ներկայացվեցին Ազգային ժողովի հաստատմանը:

Նշյալ նախագծերի ընդունումը պայմանավորված էր Կառավարության կողմից որդեգրած հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

Ըստ այդմ՝ «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների դերն ընդգծելու և հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը խրախուսելու նպատակով ապրիլի 19-ն ընդունվեց Հարկ վճարողի օր։

Իսկ «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսված իրավակարգավորումների արդյունքում ներդրվեց օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ նորմատիվ հիմքեր ստեղծելով և վերանայելով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հարկային կարգապահությունն ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այլ նաև գնահատվի, լինի շահավետ և գրավիչ:

Հարգելի ներկաներ,
Սրանք այն կարևոր նախադրյալներն էին, որոնք օրենքի ուժով նոր հարթության վրա դրեցին հարկային մարմին-հարկ վճարող փոխհարաբերությունները և նորմատիվ հիմքեր ապահովեցին կողմերի միջև գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։ Այսօր արդեն ակնհայտ է, որ իրականացված օրենսդրական կարգավորումները հանրապետությունում և, մասնավորապես, Արմավիրի մարզում նպաստել են տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը, հարկային եկամուտների ապահովմանը, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը:

Գործարար հատվածի հարգելի ներկայացուցիչներ,
Երեկ, այսօր և վաղը դուք ձեր ստեղծած արդյունքով եղել եք, կաք և կլինեք պետության առաջընթացի ապահովման գրավականը։ Եվ ես կարծում եմ, որ գործարարներն ու պետական մարմինները միասին, ձեռք ձեռքի տված, կարող են լուծումներ գտնել մեր երկրի առջև ծառացած խնդիրների համար և միասնական ջանքերի համադրմամբ՝ տնտեսության զարգացման նոր հեռանկարներ բացել: Ուստի, եկեք համախմբված կերպով շարժվենք մեր համընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհով, կերտենք մեր երազանքների երկիրը, շենացնենք մեր տունն ու հայրենիքը:

Մեկ անգամ ևս կարևորելով տոնական օրվա խորհուրդն ու հնչեցնելով կարգախոսը՝ «Ձեր վճարած հարկերը ամրապնդում են մեր պետությունը», ցանկանում եմ շնորհավորել Արմավիրի մարզը ներկայացնող բոլոր գործարարներին ապրիլի 19-ի` Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի օրվա կապակցությամբ: Հարգելիներս, քաջառողջություն և երջանկություն եմ ցանկանում բոլորիդ: Եվ, իհարկե, հաջողություններ ձեր ձեռնարկներին և կայուն շահութաբերություն ձեր կազմակերպություններին: Ամուր եղեք։
Աստված պահապան բոլորիս»:

Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի շրջանակում ՀՀ հարկային եկամուտների հավաքագրմանը նպաստելու, հարկային պարտականությունները բարեխիղճ կատարելու, ինչպես նաև մարզային տնտեսության զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման և ազգաբնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված գործունեության համար մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից մի խումբ գործարարներ պարգևատրվել են պատվոգրերով: Գործարարների մի մասն էլ արժանացել է շնորհակալագրերի՝ հարկային պարտականությունները բարեխիղճ կատարելու, մարզային տնտեսության զարգացմանը նպաստելու և ազգաբնակչության զբաղվածության ապահովման գործում ունեցած կարևոր դերակատարման համար:

Տոնական ընդունելությունն ամփոփվել է հյուրասիրությամբ և անմիջական մթնոլորտում մարզում նոր ներդրումային ծրագրերի շուրջ մտքերի փոխանակմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36