Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

06.05.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ոլորտային պատասխանատուները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ներկայացուցիչները և ՋՕԸ-երի գործադիր  տնօրենները:

Մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված հարցերի շրջանակում Էդվարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով Արմավիրի մարզի համայնքների 2022 թվականի առաջին եռամսյակի բյուջեներով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրմանը, ներկայացրել է, որ համայնքների կողմից ընդամենը եկամուտների պլանավորումը կազմել է 2709578.1 հազ. դրամ՝ 2021 թվականին պլանավորված 2852191.4 հազ. դրամի համեմատ կամ պակաս է պլանավորվել 142613.3 հազ. դրամով: Ըստ նրա՝ փաստացի հավաքագրումը կազմել է 2206012.4 հազ. դրամ, 2021 թվականի հավաքագրված 2118907.8 հազ. դրամի համեմատ, կամ ավել է հավաքագրվել 87104.6 հազ. դրամով, կատարվել 81.4%-ով` նախորդ տարվա 74,3%-ի համեմատ:

Մարզպետը միաժամանակ տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում համայնքների կողմից սեփական եկամուտների պլանավորումը կազմել է 982999.2 հազ. դրամ՝ 2021 թվականին պլանավորված 730486.6 հազ. դրամի համեմատ , կամ ավել է պլանավորվել 252512,7 հազ. դրամով: Իսկ փաստացի հավաքագրումը կազմել է 749678,3 հազ. դրամ, 2021 թվականի հավաքագրված 690402,0 հազ. դրամի համեմատ, կամ ավել է հավաքագրվել 59276,2 հազ. դրամով:

Էդվարդ Հովհաննիյանը նաև տեղեկություն է ներկայացրել ըստ հարկատեսակների իրականացված հավաքագրումների վերաբերյալ՝ գոհացուցիչ չհամարելով գրանցված ցուցանիշները և հորդորելով համայնքապետերին գործուն միջոցներ կիրառել կիսամյակային կտրվածքով հավաքագրումների մակարդակը բարելավելու ուղղությամբ:

Օրակարգային հարցի շրջանակում անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ համայնքապետարանների կողմից երկրորդ եռամսյակի ընթացքում իրականացվելիք վարչարարությանը՝ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը համայնքապետերին առաջարկել է՝ տեղական հարկերը, տուրքերը և վճարները, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարները չվճարող խոշոր (հինգ հարյուր հազար ՀՀ դրամից ավելի) պարտքատերերի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառել համապատասխան միջոցներ:

Նա հիշեցման կարգով տեղեկացրել է, որ դեռևս 2019 թվականին մարզպետարանի կողմից համայնքներին ներկայացվել են տեղական հարկերի հետ կապված դրամական պարտավորությունների հարկադիր կատարման վերաբերյալ մեթոդական ցուցումներ, ինչպես նաև տեղական հարկերի գծով ընդունվելիք վարչական ակտերի և դրանց վերաբերյալ ծանուցումների ձևանմուշներ՝ առաջարկով տեղական հարկերի գծով առաջացած հարկային պարտավորությունների կատարումն ապահովող գործընթացները կազմակերպելիս առաջնորդվել ներկայացված մեթոդական ցուցումներով, ինչպես նաև տեղական հարկերի գծով ընդունվելիք վարչական ակտերը և դրանց վերաբերյալ ծանուցումները կազմել կցված ձևանմուշներին համապատասխան:

Օրակարգային հարցի վերաբերյալ մարզպետն առաջարկել է՝ առաջնորդվելով մարզպետարանի կողմից ներկայացված մեթոդական ցուցումներով՝ գործընթացի ապահովման հարցում որդեգրել միասնական մոտեցում և գործելաոճ՝ միաժամանակ խրախուսելով օրենքով նախատեսված բոլոր հնարավոր միջոցներով բռնագանձման աշխատանքների իրականացումը:

Արմավիրի մարզում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և դրա շրջանակում պարարտանյութերի ձեռքբերման ու բաշխման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը՝ ընդգծելով, որ 2022 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները մարզպետարանը, մարզի համայնքները, ջրօգտագործողների ընկերությունները և գյուղացիական տնտեսությունները սկսել են դեռևս 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից՝ մարզի զարգացման գերակա ուղղությունները և առաջնահերթ խնդիրները որոշելով և դրանք լուծելու համար համապատասխան ծրագրեր մշակելով:

Անդրադառնալով մարզում գետերի գարնանային հեղեղումների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը՝ նա տեղեկացրել է, որ մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է մարզի տարածքով հոսող գետերի հեղեղատարների ափապատնեշների փաստացի վիճակը, առանձնացվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները և ներկայացվել պատկան գերատեսչություններին: Արթուր Այվազյանը միաժամանակ տեղեկացրել է, որ 2022 թվականին մարզի 12 բնակավայրում նախատեսված է մաքրել 51 կմ երկարությամբ բաց դրենաժային համակարգ:

Ներկայացնելով մարզի ոռոգման համակարգերի նախապատրաստմանն ուղղված աշխատանքները՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշել է, որ մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ 233,3 կմ միջտնտեսային, 4981,2 կմ ներտնտեսային ոռոգման ցանցը, 62 պոմպակայանները և 340-ի հասնող խորքային հորերը պատրաստ են ոռոգման գործընթացին։ Իսկ համակարգում այժմ առկա խնդիրները կապված են գետերում ջրի ելի նվազման և մարզը սնուցող ջրամբարների թերլցվածության հետ։

Անդրադառնալով հարցին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՋՕԸ-ի տնօրեններին առաջարկել է հետևողականություն դրսևորել ոռոգման խնդիրներին առնչվող հարցերում՝ բնակչության շրջանում դժգոհությունները բացառելու նպատակով:

Մշակաբույսերի բարձր բերքատվության հարցում կարևորելով համակցված պարարտացման սխեմաների նշանակությունը՝ Արթուր Այվազյանն անդրադարձել է կառավարության աջակցությամբ պարարտանյութերի ձեռքբերմանն ու բաշխման ընթացքին՝ տեղեկացնելով, որ ծրագրի գործունեության մեջ մտնելուց հետո համայնքներում ձևավորվել է 5632 տոննա ազոտական, 595 տոննա ֆոսֆորական և 536տոննա կալիումական պարարտանյութերի պահանջարկ։ Նրա խոսքով՝ մարզի հողօգտագործողներին արդեն մատակարարվել է 3135,5 տոննա ազոտական պարարտանյութ, 380 տոննա կարբամիտ, 2755,5 տոննա ամոնիակային սելիտրա։

Անդրադառնալով պարարտանյութի մատակարարման ուշացումներով պայմանավորված խնդիրներին՝ մարզպետը նշել է, որ արվում է հնարավորը՝ գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու համար: Նա միաժամանակ ընդգծել է, որ պետք է շարունակել հետևողական լինել, որպեսզի գյուղացիական տնտեսությունների՝ պարարտանյութ ձեռք բերելու վերջին պահանջը ծրագրով նախատեսված ժամկետում ամբողջությամբ ապահովվի:

Օրակարգային վերջին հարցի շրջանակում Արմավիրի մարզում ավտոմեքենաների հնամաշ թափքերը և այլ մետաղական կոնստրուկցիաները որպես ջարդոն հանձնելու գործընթացի արդյունավետ կազմակերպման միջոցառումներին է անդրադարձել Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ՀԳՄՏՍ գործունեության համակարգման բաժնի պետ Գևորգ Գևորգյանը՝ ներկայացնելով մարզում գործող մետաղի ջարդոնի ընդունման, հնամաշ մեքենաների պահեստամասերի վաճառքի իրականացման կետերում և ոլորտում գործունեություն իրականացնող պատասխանատու անձանց հետ վարչության և համայնքապետարանների աշխատակիցների ունեցած հանդիպումների ու իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Նրա խոսքով՝ տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել մետաղի ջարդոնի վերածված մեքենաների թափքերի և այլ մետաղական կոնստրուկցիաների հանձնման գործընթացը, իսկ այն մեքենաների թափքերը, որոնք պարունակում են ավտոպահեստամասեր, տեղափոխել ավելի հեռու՝ կենտրոնական ճանապարհներից ոչ տեսանելի տարածքներ։

Կարևորելով ներկայացված խնդրի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծման անհրաժեշտությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն համայնքների ղեկավարներին առաջարկել է ոստիկանության մարզային վարչության գործընկերների հետ համագործակցությամբ՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճամփեզրերից հեռացնել կամ պարսպապատմամբ քողարկել կուտակված ավտոմեքենաների հնամաշ թափքերը և այլ մետաղական կոնստրուկցիաները:

Մարզխորհրդի նիստն ավարտվել է օրակարգային հարցերի, հայտարարությունների ամփոփմամբ և ընթացիկ հարցերի քննարկմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53