Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

09.05.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

1945 թվականին ճիշտ այս օրը Խորհրդային բանակը մտավ Բեռլին և այդ օրով նշանավորեց իր պատմական հաղթանակը Ֆաշիստական Գերմանիայի դեմ: Այս օրը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնն է: Հաղթանակ, որի կերտման գործում մեծ է հայ զորավարների ու զինվորների քաջությունն ու սխրանքը:

Յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է այն փաստը, որ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում արիաբար կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդի: Հայ ազգը երկրորդ աշխարհամարտում տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խամփերյանց, Աղանով և նավատորմի ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարտիկ էլ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 6 մոտոհրաձգային դիվիզա, իսկ հանրահայտ Թամանյան դիվիզիան հասել է մինչև Բեռլին։

Մեծ հայրենականի փառահեղ հաղթանակը հայ ժողովրդի համար նոր իմաստ և բովանդակություն ստացավ 1992-ի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմամբ, որով մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք ցանկացած պահի պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը: Ի պատիվ մեր քաջերի` այդ փառահեղ հաղթանակն ամրագրվեց Արցախի պաշտպանության բանակի ստեղծմամբ և բեկումնային դարձավ պատերազմի հաղթական ընթացքի համար:

Ինչ խոսք, 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմը փոխեց մեր ունեցած հաղթանակի տրամաբանությունը: Այսօր բոլորիս հոգում խորը վիշտ է, մեծ ափսոսանք, որը չպետք է կաշկանդի մեզ սթափ դատելու և արդարացիորեն դիմակայելու մեր ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին։

Եվ պատմական այս օրը, անկախ հանգամանքներից, բոլորս գնահատանքի ու երախտագիտության զգացումով գլուխ ենք խոնարհում այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի տարիներին զոհաբերեցին իրենց կյանքը ` հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի վերահաստատման:

Հավերժ փառք հաղթանակներ կերտած մեր պապերին, հայրերին ու եղբայրներին:
Թող մեր երկրում և ամենուր հավերժի խաղաղությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36