Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերաբացվել է Ջանֆիդայի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզը

10.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Ջանֆիդա բնակավայրում այսօր մասնակցել է պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի վերաբացմանը:

1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել: Նույն թվականին 91 մլն 931.36 հազ. դրամ ընդհանուր բյուջեով հաստատված մանկապարտեզի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար 59 մլն 755.38 հազ. դրամ (65%) հատկացվել է պետական բյուջեից, համայնքի մասնակցությունն էլ կազմել է 32 մլն 175.98 հազ. դրամ (35%): Խմբասենյակների գույքն էլ հատկացվել է «Focus on Children Now-FCN» կազմակերպության կողմից:

Նախադպրոցական հաստատության օպտիմալ շահագործման համար փոխվել է մուտքի դուռը, հատակը բետոնապատվել և սալիկապատվել է, աստիճանները նորոգվել են, կառուցվել է բաց պատշգամբ, փոխվել են ջրագծերը, դռները, պատուհաններն ու տանիքը, ապահովվել է անխափան էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ, իրականացվել են նաև ներքին հարդարման աշխատանքներ:

Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 130 երեխա հարմարավետ և բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա: Կստեղծվի նաև երկու տասնյակի հասնող հիմնական աշխատատեղ:

Շնորհավորելով մանկապարտեզի վերաբացման նշանակալի օրվա հյուրերին և ջանֆիդեցիներին՝ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է մանկապարտեզների դերն ու նշանակությունը համայնքներում, որի վկայությունն են նաև պետական բյուջեի միջոցներով, պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրերով միայն Արմավիրի մարզում վերջին տարիներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման շուրջ երեք տասնյակ ծրագրերը:

Նա կարևորել է երեխաների կյանքում մանկապարտեզի սոցիալական, կրթական և դաստիարակչական նշանակությունը և հավելել, որ եթե տեղական իշխանությունը հանձն է առել այդ առաջնային խնդրի լուծումը, ապա մեծ գործ է կատարել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության ապահովման հարցում:

Մարզպետն իր խոսքում բարեմաղթել է նաև ջանֆիդեցի փոքրիկներին՝ ցանկանալով, որ նախադպրոցական հաստատությունը նրանց մանկության տարիների լավագույն հիշողություններն ապահովի և նպաստի յուրաքանչյուրի անհատականության ճիշտ ձևավորմանը:

Այնուհետև համայնքային իշխանության պատասխանատուների ուղեկցությամբ Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53