Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների վերաբերյալ

13.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին վերաբերող խորհրդակցություն՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականի, Վիճակագրական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժնի պատասխանատուների և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում Կոմիտեի մարզային վարչության պետ Իշխան Սարգսյանը նշել է, որ այս մարդահամարը տարբերվում է մասնավորապես կազմակերպման մեթոդաբանությամբ, որի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2020 փուլի մարդահամարների անցկացման համակցված եղանակի կիրառման ուղեցույցներով և ընթացակարգերով՝ բնակչության պետական ռեգիստրից ստացվող հիմնական ցուցանիշների և 25 տոկոս ընտրանքային հարցմամբ մարդահամարի ծրագրով սահմանվող տվյալների հավաքագրմամբ:

Անդրադառնալով մարդահամարի նպատակին, նշանակությանը, հիմնական առավելություններին՝ Իշխան Սարգսյանը ներկայացրել է իրականացվելիք գործընթացները՝ միաժամանակ նշելով ժամանակավոր անձնակազմի, աշխատասենյակների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների հասցեական տնտեսության կարգավորման, փողոցների, թաղամասերի անվանատախտակների, շենքերի, շինությունների ու բնակարանների համարանիշերի առկայության անհրաժեշտությունը:

Ընդգծելով մարդահամարի անցկացման համապետական նշանակությունը՝ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը կարևորել է այն հանգամանքը, որ մարզային հանձնաժողովը և համայնքային ներկայացուցիչները պետք է ամենայն պատասխանատվությամբ և համակարգված կատարեն նախատեսվող աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք լինելու են մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի անմիջական հսկողության ներքո:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35