Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում պատվավոր մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների հետ

17.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հանդիպել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում 1-ից 3-րդ պատվավոր մրցանակային տեղերը զբաղեցրած և ցուցաբերած գիտելիքներով առանձնացած մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 25 աշակերտի, որոնց ուղեկցել են ուսուցիչներն ու ծնողները:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը նշել է, որ պատահական չէ հանդիպման եռակողմ՝ ուսուցիչ-ծնող-աշակերտ ձևաչափը, քանի որ օլիմպիադաների մասնակիցների հաջողությունները հենց այս եռամիասնության նպատակային և արդյունավետ փոխգործակցության ու մեկտեղված ջանքերի արդյունքն են:

Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է, որ այս տարիքում և ապագայի հարցում աշակերտների ունեցած հաջողությունները շատ կարևոր և մոտիվացնող են՝ միաժամանակ հավելելով, որ չպետք է սահմանափակվել ունեցած ձեռքբերումներով, այլ պետք է կրկնապատկել ջանքերն ուսումնառության, կարգապահության և հենց այս տարիքից հանրությանը օգտակար լինելու հարցում:

«Այսօր ձեր շարքերում են վաղվա մտավորականները, պետական ու հասարակական գործիչները, ովքեր, վստահ եմ, առաջնորդելու են մեր պետությունը զարգացման ու հզորացման նոր ճանապարհով: Ես հավատում եմ ձեր ուժերին և հպարտանում ձեր հաջողություններով»,- նշել է մարզպետը:

Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային, մարզային և հանրապետական փուլերի արդյունքները, որոնց համաձայն՝ 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների տարածքային փուլին մասնակցել է 4562 աշակերտ, որոնցից 722-ն երաշխավորվել և մասնակցել է մարզային փուլին: Իսկ մարզային փուլի 722 մասնակցից հանրապետական փուլին երաշխավորվել և մասնակցել է 91 աշակերտ: 2022 թվականի ընթացքում անցկացված հանրապետական փուլի արդյունքներով էլ Արմավիրի մարզի 23 աշակերտներից՝ 4-ն ունեն 1-ին կարգի, 4-ը` 2-րդ կարգի, իսկ 4-ը` 3-րդ կարգի դիպլոմ, ևս 11-ը` գովասանագիր:

Այնուհետև մարզպետը ԿԳՄՍ նախարարության կողմից 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ է հանձնել հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից խորը գիտելիքներ ցուցաբերած 12 աշակերտի, ևս 11-ն էլ արժանացել է գովասանագրի՝ ցուցաբերած գիտելիքներով առանձնանալու համար: Դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված և 1-ին կարգի դիպլոմի արժանացած չորս աշակերտները պարգևատրվել են նաև մարզպետի շնորհակալագրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36