Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հանրապետության տոնի առթիվ
28.05.2022
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Մեծ հպարտությամբ և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Հայ ժողովուրդը մշտապես արժևորել է 1918 թվականի պատմական իրադարձությունները՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի փառահեղ հերոսամարտերը և Առաջին Հանրապետության ծնունդը, ոգեկոչել ճակատագրական հաղթանակները կերտած հերոսներին: Եվ հենց այդ բախտորոշ իրողությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման հիմք է դրել:
Մայիսյան հաղթանակներով հայ ժողովուրդը վերանվաճել է իր դարավոր երազանքին տեր կանգնելու իրավունքը, անկախ պետություն ունենալու պատիվն ու պատասխանատվությունը: Եվ մենք դա արել ենք մենակ, ավելին՝ մենք դա արել ենք ի հեճուկս ճակատագրի հարվածների:
Ուստի, մեր մեջ կրելով Մայիսի 28-ի խորհուրդն ու պատմական նշանակությունը՝ մենք երբեք չպետք է վհատվենք մեր պետության կայացման բարդ ու դժվարին գործում: Պետք է լինենք միասնական և համախմբված հայրենանվեր գաղափարների շուրջ՝ մեր պետությունը զարգացման նոր ուղու վրա դնելու համար:
Կրկին շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ՝ մեզ մեծ ուժ ու եռանդ, մեր երկրին խաղաղություն ու վերելք եմ ցանկանում։
Փառք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին,
Փառք Հայաստանի Հանրապետությանը: