Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն Առատաշեն բնակավայրում մասնակցել է մանկապարտեզի վերաբացմանը

02.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Արաքս համայնք և Առատաշեն բնակավայրում մասնակցել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքի բացմանը:

Մինչ մանկապարտեզ այցելելը, մարզպետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված առատաշենցի Հարություն Անդրեասյանի, Սարգիս Հարությունյանի և Սևան Ղազարյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել հերոս հայորդիների հիշատակին:

Լինելով մանկապարտեզում՝ Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով վերջին երկու տարում իրականացված վերանորոգման աշխատանքներին, որոնք ընդգրկել են 1976 թվականից չվերանորոգված մանկապարտեզի մի հատվածը: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 23.32 մլն դրամ՝ պետություն-համայնք հավասար համաֆինանսավորմամբ:

Իրականացված աշխատանքների արդյունքում վերանորոգվել է տանիքը, փոխվել են դռներն ու պատուհանները, վերակառուցվել է 1-ին և 2-րդ հարկը, վերանորոգվել է բաց պատշգամբը, անցկացվել է կոյուղի, ջրագիծ, լուսավորության և ջեռուցման համակարգ: Իսկ խմբասենյակների գույքն ապահովվել է «Focus on Children Now-FCN» կազմակերպության կողմից:

Կարևորելով կատարված աշխատանքը և շնորհավորելով մանկապարտեզի վերաբացման միջոցառման մասնակիցներին՝ մարզպետն իր խոսքում նշել է, որ, հաշվի առնելով նախադպրոցական հաստատությունում նոր խմբեր ավելացնելու անհրաժեշտությունը, 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով կառավարության հաստատմանն է ներկայացվել Առատաշեն բնակավայրի մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգման հայտը, որի իրագործմամբ հաստատություն հաճախող երեխաների թիվը կհասնի 120-ի:

Երեխաների կյանքում անհրաժեշտ համարելով մանկապարտեզի դերակատարումը՝ Էդվարդ Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ այն դրական փոփոխությունների հիմք է հանդիսանալու և նպաստելու է դպրոցական տարիքում կրթադաստիարակչական գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը: Նա շնորհակալություն է հայտնել մանկապարտեզը գույքով համալրած կազմակերպությանը և վերանորոգմանը նպաստած բոլոր կողմերին՝ վստահեցնելով, որ կարճ ժամանակահատվածում Առատաշենում առկա խնդիրներն ըստ առաջնահերթության լուծում են ստանալու:

Այնուհետև համայնքային իշխանության պատասխանատուների ուղեկցությամբ Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53