Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Վերջին դասի կապակցությամբ
03.06.2022
Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ձեր կյանքի նշանակալի իրադարձություններից մեկի՝ Վերջին դասի կապակցությամբ:
Ձեզ համար այսօր չափազանց հիշարժան ու անմոռանալի օր է: Համոզված եմ, որ այս տոնական օրը հարազատ կրթօջախում հնչող Վերջին զանգի ղողանջն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքում՝ յուրաքանչյուրիդ մեջ արթնացնելով գեղեցիկ և անմոռանալի հիշողություններ:
Ինչ խոսք, դուք մեր հայրենիքի և անկախ պետության այն հերթական սերունդն եք, որին վերապահված է լինել երկրի կայացման գործում իրական ձեռբերումների ու հաջողությունների շարժիչ ուժը: Քանի որ յուրաքանչյուր հաջորդ սերունդ, դաստիարակվելով ազգային արժեքներով ու հայրենասիրական ոգով, առավել նվիրված է ծառայում իր երկրին:
Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այդ արժեքների հետ մեկտեղ ունի նվիրական երազանքներ, հոգու և մտքի մեծ հարստություն: Եվ իմ ցանկությունն է, որ այդ երազանքների իրականացման ճանապարհը դուք անցնեք առաջին հերթին որպես լավ մարդ և մեր երկրի արժանապատիվ քաղաքացի:
Տոնական օրվա առթիվ շնորհավորելով նաև մեր հարգարժան մանկավարժներին և ծնողներին` վստահ եմ, որ նրանց սաները, զավակներն իրականություն կդարձնեն իրենց հետ կապված բոլոր սպասումները՝ արդարացնելով այս տարիներին փոխանցած գիտելիքների և սիրո մեծ պաշարը:
Սիրելի՛ շրջանավարտներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի կապակցությամբ` մաղթելով երջանկություն և հաջողություններ մեծ կյանքի ճանապարհին։ Թող ճակատագիրը միշտ ժպտա ձեզ՝ իրականություն դարձնելով ձեր մեծ ու փոքր երազանքները։ Բարի երթ և ամենայն բարիք բոլորիդ: