Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայր

08.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայր:

Այցի շրջանակում մարզպետը նախ հանդիպում է ունեցել համայնքային իշխանության ներկայացուցիչների և բնակչության հետ, քննարկել գյուղատնտեության ապահովագրությանը, բնակավայրում նախատեսվող ասֆալտապատման ծրագրին և դպրոցին կից մանկապարտեզի վերաբացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև հակակարկտային կայանների արդյունավետ գործարկմանը: Նշվել է, որ բնակավայրում 17 կայան է տեղակայված, որոնց լիարժեք տեխնիկական սպասարկումն ապահովելու դեպքում գյուղացիական տնտեսություններն ամբողջությամբ կպաշտպանվեն կարկտից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիազոր մարմնի միջնորդությամբ խնդրին հնարավոր լուծում տալ:

Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Վանանդի միջնակարգ դպրոց, շրջել կրթօջախում, ծանոթացել շենքային պայմաններին, ապա մասնակցել «Ազգայինն է պահպանում հայրենիքը» խորագիրը կրող հայ ազգագրական երգ ու պարի փառատոնին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ մարզպետը նշել է, որ փառատոնի խորագիրը վերահաստատում է ազգային արժեքներով առաջնորդվելու և մեր ինքնությանը հավատարիմ մնալու կարևորությունը: Իսկ ազգային երգն ու պարը, ըստ նրա, տարիներ շարունակ համախմբել են հայ ժողովրդին և յուրօրինակ այցեքարտ դարձել հայության համար:

Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է. «Նմանատիպ փառատոնների միջոցով պետք է մեր առջև նպատակ դնենք պահպանելու ու տարածելու ազգային, ավանդական երգն ու պարը, ինչպես նաև երիտասարդ սերնդի համար մեր մշակութային ժառանգությունը դարձնենք առավել ճանաչելի: Կարծում եմ, որ մեր մարզի կտրվածքով մշակութային այս կարևոր և ինքնատիպ իրադարձությունը շարունակություն կունենա, կընդլայնի մասնակիցների շրջանակը և ազգային երգն ու պարը կենցաղ կվերադարձնի»:

Կարևորելով փառատոնի իրականացման գաղափարը՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպիչներին՝ հուսալով, որ այն դրական ազդակներ կփոխանցի մասնակիցներին՝ արդարացնելով իր բուն նպատակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50