Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

10.06.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Ողջունելով հյուրին և շնորհավորելով երկու բարեկամ պետությունների միջև հաստատված 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների կապակցությամբ՝ մարզպետը փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերություններին նորանոր զարգացումներ է ցանկացել: Էդվարդ Հովհաննիսյանն ընդհանուր տեղեկություն է ներկայացրել դեսպանին մարզի վերաբերյալ, մատնանշել հիմնական առանձնահատկություններն ու դրանց շուրջ համագործակցության հնարավորությունները: Նա ներկայացրել է նաև մարզային և քաղաքային մակարդակով 2015 և 2019 թվականներին կողմերի միջև գործընկերության հաստատմանն ուղղված քայլերը և պատրաստակամություն հայտնել դրանք հասցնել գործնական մակարդակի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն ուրախությամբ ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունները ձևավորվել են դեռևս 2000 տարի առաջ, երբ հնագույն Մետաքսի ճանապարհը սերտորեն կապել է Չինաստանն ու Հայաստանը: Անդրադառնալով երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ նա ցանկություն է հայտնել աջակցելու ապակենտրոնացված մակարդակում փոխգործակցության զարգացմանը:

Մասնավորեցնելով կողմերի միջև համագործակցության հնարավորությունները՝ մարզպետը և դեսպանը քննարկել են Արմավիրի մարզի և Գուանդուն նահանգի, ինչպես նաև ընդհանրություններ ունեցող քաղաքների միջև հնարավոր փոխհարաբերությունների հաստատմանն ուղղված մանրամասներ: Ֆան Յոնգը հետաքրքրություն է դրսևորել նաև տեղական արտադրության գինու արտահանման հարցում: Էդվարդ Հովհաննիսյանը, ներկայացնելով այդ ուղղությամբ համագործակցության լայն հնարավորությունները, նշել է, որ Արմավիրի մարզում արտադրվող գինիները սպառման մեծ շուկա և պահանջարկ ունեն, փոխհամաձայնության դեպքում էլ Չինաստան արտահանման հնարավություն կստեղծվի:

Այնուհետև մարզպետը դեսպանին ուղեկցել է Ոսկենի գինու գործարան՝ տեղում ներկայացնելով մարզում գինեգործության պոտենցիալի կարևոր մաս հանդիսացող և Հայաստանում ու նրա սահմաններից դուրս մեծ ճանաչում ունեցող ընտանեկան գինեգործական ընկերության արտադրական հնարավորություններն ու ինքնատիպ համային հատկանիշներով առանձնացող արտադրանքը:

Նշվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին: Նախորդ տարի արտադրանքի ծավալը կազմել է 50 հազար շիշ, որը հայաստանյան շուկայում վաճառելուց զատ արտահանվել է նաև Ռուսաստան, ԱՄՆ, Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա և Կանադա: Իսկ այս տարի նախատեսում են մեծացնել արտադրանքի ծավալը՝ հասցնելով 200 հազար շշի, իսկ արտահանվող երկրների թվին ավելացնել Բելգիան, Էստոնիան, Լիտվան և Լատվիան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50