Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավորությամբ մեկնարկել է 2022 թվականի ամառային առաջին զորակոչը
14.06.2022
Սարդարապատի հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել 2022 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը:
Նորակոչիկներին իրենց հարազատների հետ պատմական վայրից Հայոց բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, Պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարները, համայնքային իշխանությունների պատասխանատուները և Զինված ուժերի հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Արիս քահանա Խաչատրյանը:
Ավանդույթի համաձայն` պետական այրերն ու պարտադիր զինվորական ծառայության մեկնողները նախ իրենց հարգանքի տուրքն են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ամփոփված հերոսների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այնուհետև ներկաներին ողջունել և ամառային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ իր բարեմաղթանքի խոսքն է հղել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը` ասելով. «Այս պատմական ու հաղթական վայրում՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, այսօր մեծ հպարտությամբ մասնակցում եմ 2022 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող մեր նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը:
Այսօր բոլորիս ցանկությունները մեկտեղվում են մեր երկրի խաղաղության, մեր զինվորների անվտանգ ծառայության և մեր հայրենիքի հզորացման գաղափարի շուրջ: Իսկ այս առումով յուրաքանչյուրս ունենք մեր կարևոր դերակատարումը, որը պետք է իրականացնենք մեծ պատվախնդրությամբ:
Սիրելի նորակոչիկներ,
Այսօրվանից դուք ստանձնում եք հայրենիքի պաշտպանի դերը: Ի դեմս ձեզ` մենք տեսնում ենք այն քաջարի անհատին, ով պատվով և պատասխանատվության բարձր գիտակցումով կկատարի իր սահմանադրական պարտքը` շարունակելով նախորդների հայրենանվեր առաքելությունը:
Իմ խնդրանքն ու հորդորն է ձեզ` ծառայության ընթացքում լինել աչալուրջ, միասնական ու համերաշխ: Քանի որ բոլորիս միավորող գաղափարը մեր երկիրն ամուր ու անսասան պահելն է, մեր ժողովրդի համար խաղաղ ու բարօր կյանք ապահովելը:
Այսօրվանից այդ պատասխանատվության կարևոր բաժինն եք ստանձնում նաև դուք, սիրելի նորակոչիկներ, հայրենիքի կողմից պաշտպանված քաղաքացուց դառնալով հայրենիքի պաշտպան: Եվ ես ցանկանում եմ, որ ձեր երկամյա ծառայությունն անցնի խաղաղության պայմաններում, իսկ բանակային տարիները միայն նպաստեն ձեր ռազմական գիտելիքների ու հմտությունների հարստացմանը, մարդկային որակների կայունացմանը:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր նորակոչիկների հարգարժան ծնողներին` իրենց զավակներին արիաբար դաստիարակելու ու հայրենասիրական ոգի փոխանցելու համար, որի արդյունքում նրանք գիտակցում են հայրենիքի գինը, զինվորական ծառայության դերն ու նշանակությունը:
Հարգելի ներկաներ,
Եկեք բոլորս միասին բարձր տրամադրությամբ և լավատեսությամբ մեր նորակոչիկներին ճանապարհենք Հայոց բանակ՝ նրանց մաղթելով խաղաղ ծառայություն և բարի վերադարձ:
Աստված պահապան բոլորիս»:
Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության խոսք է հղել Զինված ուժերի հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Արիս քահանա Խաչատրյանը՝ մասնավորապես նշելով. «Մեծ պատիվ է ծառայել Հայոց բանակում և կոչվել հայրենիքի պաշտպան: Այստեղ կանգնած տղաները գնում են իրենց ծառայությունը բերելու մեր հայրենիքին: Եվ այդ առումով նորակոչիկների համար պետք է օրինակ հանդիսանա Սարդարապատի հերոսամարտի զինվորների սխրագործությունները: Տա Աստված, որ բանակում ձեռք բերված գիտելիքները միայն ու միայն ծառայեն զորավարժությունների ժամանակ:
Աստված թող խաղաղություն պարգևի մեր երկրին և բարի ծառայություն՝ մեր նորակոչիկներին»:
Հանդիսավոր միջոցառման ավարտին նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ են ստացել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանից և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնել իրենց պարտքը մատուցելու հայրենիքին: