Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ

14.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի և վարչական միավորների ղեկավարների մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուները:

Օրակարգային հարցերի շրջանակում 2022 թվականի հունիսի 1–ի դրությամբ Արմավիրի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների և այդ գործընթացում մարդկային ռեսուրսների մոբիլիզացման և աշխատանքների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների ու համայնքապետարանների կողմից առաջիկայում իրականացվելիք վարչարարության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Համայնքների արդյունավետ զարգացման գործընթացում կարևորելով բյուջետային համակարգի նշանակությունը՝ մարզպետն ընդգծել է, որ սոցիալ-տնտեսական ոչ մի հիմնախնդիր չի կարող բարեհաջող լուծում ստանալ, եթե ֆինանսաբյուջետային ոլորտում համարժեք կարգավորումներ չիրականացվեն: Այս համատեքստում նա առաջարկել է համայնքապետերին գործուն միջոցներ ձեռնարկել սեփական եկամուտների հավաքագրման առավելագույն ցուցանիշներ ապահովելու ուղղությամբ, որն էլ իր հերթին կնպաստի համայնքներում համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական աջակցությամբ միջոցառումների իրականացմանը:

Խորհրդակցությանը Արմավիրի մարզում գյուղատնտեսական մթերքների իրացման ոլորտում առկա հիմնախնդիրներն է ներկայացրել գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը՝ ըստ մթերող կազմակերպությունների անդրադառնալով պտղի և բանջարեղենի մթերման պայմանագրերի կնքման իրավիճակին՝ տեղեկացրել է, որ 2021 թվականին ընկերությունների կողմից մթերվել է 15203 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ հաշվետու տարում նախնական պայմանավորվածություններով մթերման ծավալը կգերազանցի 20 հազար տոննան։

Նա միաժամանակ ներկայացրել է խաղողի մթերմանն առնչվող մանրամասներ՝ մտահոգությամբ ընդգծելով, որ նախնական տվյալներով 2022 թվականին խաղող մթերող կազմակերպությունները ապահովելու են շուրջ 60 հազար տոննա մթերում, ինչը 26000 տոննայով պակաս է 2021 թվականի մթերման ծավալից: Գործընթացն առավել համակարգված և արդյունավետ կազմակերպելու նպատակով Արթուր Այվազյանն համայնքային իշխանության պատասխանատուներին առաջարկել է համագործակցված աշխատել մարզպետարանի հետ:

Արթուր Այվազյանը ներկայացրել է նաև մթերման ոլորտում պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում ընկերություններին տրամադրվում է 3-4 մլրդ դրամ վարկ՝ 6 ամսից մինչև 1 տարի արտոնյալ ժամկետով, որի 10%-ը սուբսիդավորվում է պետության կողմից և գրավի չբավարարող մասի չափով տրվում է պետական երաշխիք։

2021 թվականին Արմավիրի մարզում ավարտված սուբվենցիոն ծրագրերի օբյեկտների, մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի վիճակի մշտադիտարկում իրականացնելու ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով, որ 2022 թվականի ապրիլի 25-29-ն ընկած ժամանակահատվածում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արմավիրի մարզպետարանի համապատասխան մասնագետների, համայնքապետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ մշտադիտարկում է իրականացվել համայնքներում 2020-2021 թթ. ավարտված և շահագործման հանձնված սուբվենցիոն ծրագրերով իրականացված 53 օբյեկտում, որոնց արդյունքում մասնակի թերություններ են հայտաբերվել:

Աշոտ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև հողհատկացումների փաթեթները կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով և Քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված ուղեցույցի պահանջներին համապատասխան ներկայացնելու պահանջին, ինչպես նաև համայնքներում աղբահանության և սանմաքրման պատշաճ իրականացմանը՝ համայնքապետերին առաջարկելով պատշաճ հետևողականություն դրսևորել գործընթացների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:

Օրակարգային հարցերի ամփոփումից հետո օրենսդրական մի շարք փոփոխություններով պայմանավորված հայտարարություններով հանդես են եկել մարզպետի Խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ–գլխավոր իրավաբան Լիաննա Հարությունյանը և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50