Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արևադաշտի միջնակարգ դպրոցում գրադարան է բացվել
15.06.2022
Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Արևադաշտի միջնակարգ դպրոցի գրադարանի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) տնօրենների խորհրդի անդամ Միմի Ձառուկյանի անձնական միջոցներով:
Գրադարանն ապահովված է անհրաժեշտ կահույքով, համակարգչով, իսկ գրքային ֆոնդը կազմում է շուրջ 300 կտոր:
Բացման արարողությունն ուղեկցվել է կրթօջախի սաների կողմից գրական ու երաժշտական տարբեր կատարումներով:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Միմի Ձառուկյանին հայրենանվեր աշխատանքի համար՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ անհնար է չնկատել կատարված գնահատելի աշխատանքը: Հույս հայտնելով, որ Հայ կրթական հիմնարկությունը կշարունակի իր գործունեությունը Արմավիրի մարզում՝ փոխմարզպետը հաջողություններ է մաղթել ու դպրոցաշինության գործում ունեցած ավանդի և կրթության որակի բարելավմանը միտված ծրագրեր իրականացնելու համար Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից շնորհակալագիր է փոխանցել Հայ կրթական հիմնարկության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանին:
Հավելենք, որ Արևադաշտի միջնակարգ դպրոցը կառուցվել է Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) կողմից և շահագործման է հանձնվել 2018 թվականին: