Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Բուժաշխատողների օրվա առթիվ
21.06.2022
Արմավիրի մարզը ներկայացնող բժշկական հաստատությունների հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Սա այն մասնագիտությունն է, որն ի զորու է հրաշքներ գործել, ընդհուպ մինչև երկրորդ կյանք պարգևել մարդուն։ Եվ բոլոր ժամանակներում կոչումով բժշկին բնորոշ է եղել կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումն աշխատանքի և մարդկային կյանքի հանդեպ:
Օգտվելով առիթից՝ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արմավիրի մարզը ներկայացնող բոլոր այն բժիշկներին, ովքեր, բարձր պահելով մասնագիտական որակավորումը, մեծագույն նվիրումով իրականացրել և շարունակում են իրականացնել իրենց աստվածահաճո առաքելությունը։
Պետք է նշեմ, որ առողջապահության ոլորտը մնում է Արմավիրի մարզպետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի օր առաջ բարելավենք մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատակիցների աշխատանքային պայմանները՝ այդպիսով նպաստելով նաև մեր բնակիչներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու հնարավորությանը: Եվ ես վստահ եմ, որ պետական և մարզային մակարդակով ոլորտում իրականացվող ծրագրերն էականորեն կնպաստեն բոլոր առումներով լավագույն համակարգ ունենալուն:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ոլորտի մեր գործընկերներին մասնագիտական օրվա առթիվ՝ ցանկանում եմ ամուր կամք և անձնական երջանկություն: Թող ձեր նվիրական աշխատանքը միշտ հաջողությամբ պսակվի:
Ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին: