Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք շրջանում ակտիվանում են
28.06.2022
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար, հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:
Ինչպես հայտնի է աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով:
Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային միջավայր՝ նպաստելով դրանց աճմանը և բազմացմանը: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստները ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառ:
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:
Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.
• լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
• մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով առնվազն 2-3 րոպե, կասկածելի ջրի դեպքում լվացեք եռացրած սառեցրած ջրով,
• սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,
• շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,
• խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, հատկապես փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
• մի օգտագործեք կասկածելի ջուր (համը և հոտը փոխված, պղտորված, լողացող կամ կախված մասնիկների առկայությամբ), եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործեք միայն եռացնելուց հետո կամ խմեք շշալցված ջուր,
• ծորակի ջուրը օգտագործեք միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
• մի՛ լողացեք լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ:
• աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովանյի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի:
Տարվա տաք շրջանում բնակչության տարբեր խմբերը հաճախակի մեկնում են խնջույքների բնության գրկում, որտեղ չկան բավարար պայմաններ անհրաժեշտ հիգիենայի կանոնները պահպանելու համար, ինչը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև սննդային թունավորումների առաջացմանը և տարածմանը:
Զբոսախնջույք (պիկնիկ)
Բնության գրկում հանգստանալու մեկնելիս պետք է հաշվի առնել այդ փաստը և ճիշտ ու անվտանգ կազմակերպել հանգիստը, պահպանել մի շարք կարևոր կանոնններ.
• խստիվ արգելվում է երեխաների տալ այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար.
• խուսափեք երեխաներին հյուրասիրել աղցաններով, որոնք շոգ եղանակին շատ արագ են փչանում և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ.
• եթե դուք բնության գիրկ մեկնել եք ավտոմեքենայով, ապա մթերքը նրա մեջ կես կամ մեկ ժամից ավել մի պահեք, քանի որ շոգ եղանակին ավտոմեքենայում մանրէների բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ են առաջանում,
• մի տարեք ձեր հետ հատապտուղներ և այնպիսի պտուղներ, որոնք արագ են փչանում՝ խաղող բալ, դեղձ և այլն, իսկ գազարը, տանձը և խնձորը համեմատաբար ուշ են փչանում.
• ստեղծեք հնարավորություն հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից հետո) և միրգն ու բանջարեղենը լվալու համար.
• խմեք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված.
• կերեք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,
• խորոված պատրաստելիս անպայման հետևեք, որ միսը լավ եփվի (ապահովեք լրիվ թերմիկ մշակումը),
• hավի ձուն օգտագործելիս, կճեպը մաքրելուց առաջ այն լվացեք կերակրի սոդայի թույլ լուծույթով,
• oգտագործեք անձնական սպասք և հիգիենայի պարագաներ:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Արմավիր մասնաճյուղ