Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությունը շարունակել է ճանաչողական այցն Արմավիրի մարզում
16.07.2022
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությունն այսօր շարունակել է ճանաչողական այցն Արմավիրի մարզում: Պատվիրակության անդամները մարզային և քաղաքային իշխանության պատասխանատուների ու մարզը ներկայացնող գործարարների հետ նախ հյուրընկալվել են «ԿԱՐԱՍ ՎԱՅՆՍ»-ում («ՏԻԵՌԱՍ ԴԵ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն), որտեղ նրանց ամփոփ տեղեկություն է ներկայացվել Հայաստանի տնտեսության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև Արմավիրի մարզի տնտեսական ներուժի և զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ: Գերմանական կողմն էլ իր հերթին ներկայացրել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հիմնական առանձնահատկություններն ու ոլորտային ցուցանիշները:
«ԿԱՐԱՍ ՎԱՅՆՍ»-ում հյուրերը շրջել են նաև գինեգործարանի հիմնական արտադրամասերում, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած խաղողի այգիներում: Պատվիրակությանը ներկայացվել է, որ ընկերության ընդհանուր տարածքը կազմում է 2301 հա, որից մոտ 400 հա խաղողի այգիներն են։ Խաղողագործությամբ և գինեգործությամբ զբաղվող ընկերությունում խաղողի արտադրության ընդհանուր ծավալը տարեկան հասնում է 3,5-5 միլիոն կգ-ի, իսկ գինու արտադրությունը՝ 1,5-2 միլիոն լիտրի։ Նշվել է, որ հիմնադրման շուրջ 18 տարիների ընթացքում ընկերության արտադրած գինիները գրանցել են բազմաթիվ հաջողություններ աշխարհի կարևորագույն գինու մրցույթներում, ինչպիսիք են Decanter, Mundus Vini, Concours Mondial de Bruxelles` շահելով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։
Պատվիրակությունը հաջորդիվ այցելել է Սարդարապատի միջնակարգ դպրոց, որը շուրջ 15 տարի է, ինչ «Աշակերտների փոխանակում» ծրագրի շրջանակում համագործակցում է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե (Զալլե) քաղաքի «Յոհան Քրիստիան Ռայլի» անվան դպրոցի հետ: Ծրագիրը աշակերտներին փոխայցելությունների, հյուրընկալ կողմի տեսարժան վայրերին ծանոթանալու, միասին սովորելու և տարաբնույթ ձեռնարկներով ներկայանալու հնարավորություն է տալիս: Կրթօջախը DSD1 (լեզվի դիպլոմ B1 մակարդակի) ծրագրի շրջանակում համագործակցում է նաև Գյոթեի ինստիտուտի հետ:
Հաշվի առնելով Սարդարապատի միջնակարգ դպրոցում գերմանական կողմի հետ առկա համագործակցությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ ձևավորվող հարաբերությունների տիրույթում առանձնակի ուշադրություն կդարձնեն այդ հանգամանքին և կնպաստեն կրթական ծրագրերի զարգացմանը:
Պատվիրակության վերջին կանգառը եղել է «ՄԱՊ» ընկերությունում, որտեղ հյուրերը ծանոթացել են գործարանի արտադրական հզորություններին ու ծավալներին: Ներկայացվել է, որ գործարանը հագեցած է ժամանակակից տարբեր հզորությունների գինեգործական սարքավորումներով, ֆրանսիական, բուլղարական և գերմանական հատուկ տակառներով, իսկ գինու և կոնյակի արտադրության ողջ ցիկլը իրականացվում է դասական տեխնոլոգիայով։ Նշվել է, որ ընկերության կողմից արտադրվող առաջին կարգի ալկոհոլային խմիչքի սպառումն ապահովվում է ինչպես հայաստանյան շուկայում, անպես էլ ՌԴ-ում, ԱՄՆ-ում և Եվրոպայի տարբեր երկրներում:
Պատվիրակության այցն Արմավիրի մարզ ամփոփվել է համագործակցության հնարավոր ծրագրերի շուրջ պայմանավորվածություններով և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկմամբ: