Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն Ակնալճում հանդիպել է բողոքի ակցիա իրականացնողների հետ
22.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայր, հանդիպել հոսանքի հաճախակի անջատումներով պայմանավորված մասնավորապես ոռոգման համակարգում առաջացած խնդիրների պատճառով բողոքի ակցիա իրականացնող ակնալիճցիների հետ:
Բնակավայրի վարչական շենքում բնակիչների հետ Էդվարդ Հովհաննիսյանի ունեցած հանդիպմանը ներկա են գտնվել նաև Մեծամոր համայնքի ղեկավարը, տարածքը սպասարկող ՋՕԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները:
Անընդունելի համարելով ակնալիճցիների կողմից մեկ ամսից ավել պատկան մարմիններին խնդրի առնչությամբ ուղղված դիմումներն անարձագանք թողնելը՝ մարզպետն իր խոսքում ընդգծել է, որ համագործակցված աշխատանքի արդյունքում նման հարցերին պետք է օր առաջ լուծում տալ՝ չթողնելով, որ բնակիչները դիմեն ծայրահեղ քայլերի:
Լսելով կողմերի պարզաբանումները ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը հանձնարարել է համատեղ աշխատել խնդրի լուծման օպտիմալ տարբերակ գտնելու և այն վերջնականորեն կարգավորելու ուղղությամբ, իսկ կատարված աշխատանքների մասին մեկօրյա ժամկետում տեղեկություն փոխանցել մարզպետարան: